Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 12-ին շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային 2009 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակին արժանանալու կապակցությամբ:
Նախագահի մամուլի գրասենյակը NEWS.am-ին է տրամադրել Սերժ Սարգսյանի հղած ուղերձը, որում, մասնավորապես ասված է. « Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ 2009թ. Խաղաղության Նոբելյան մրցանակին արժանանալու կապակցությամբ:
Հայաստանը մեծապես ողջունում է աշխարհում վստահության, կայունության, անվտանգության եւ համագործակցության հաստատմանն ուղղված Ձեր ջանքերը: Ձեր նախագահության առաջին իսկ օրերից Դուք հանձն եք առել իրականացնել մի շարք կարեւոր եւ համարձակ նախաձեռնություններ, մասնավորապես մի շարք երկարատեւ հակամարտությունների կարգավորման եւ տարբեր ուժերի հետ քաղաքական երկխոսության ծավալման ուղղությամբ»:
Սերժ Սարգսյանը նաեւ նշել է, թե այսօր աշխարհում գոյություն ունեցող բոլոր տարաձայնությունները եւ հակասությունները կարող են եւ պետք է լուծվեն հենց երկխոսության ճանապարհով, «քանզի միայն երկխոսությամբ ձեռք բերված լուծումներն են բավարարում բոլոր կողմերին եւ դառնում կայուն ու հարատեւ»:
«Մենք կարեւորում եւ գնահատում ենք նաեւ ԱՄՆ-ի, որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի, կառուցողական գործունեությունը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:
Իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում ԱՄՆ-ի վարչակազմի եւ, մասնավորապես, Ձեր եւ պետքարտուղար Քլինթոնի ցուցաբերած հետեւողական աջակցության համար, որը Դուք եւս մեկ անգամ անձամբ վերահաստատեցիք ԱՄՆ-ի հայկական համայնքի հետ իմ հանդիպումների ընթացքում կայացած մեր հեռախոսազրույցում: Վստահ եմ, որ առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների վճռական աջակցության, անհնարին էր լինելու արդյունավետ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ»,- գրել է Սերժ Սարգսյանը:




























