Վերջին 20 օրերին Հայաստանում արտադրված ձվերը Թբիլիսիում վաճառվում են մատչելի գներով, իսկ մեր որոշ սուպերմարկետներում եւ խանութներում վաճառվում են 220 դրամով (շուրջ 0,5 դոլար):  Այս մասին ապրիլի 2-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ Ռուբեն Հայթյանը: Նա հավաստիացրեց, որ Հայայստանում ձու արտադրող ձեռնարկությունները չարաշահում են երկրում անիշխանությունը: «Այս իրավիճակի համար մեղքի բաժին ունեն իշխանությունները, քանի որ վերահսկողությունը թուլացրել են: Նրանք խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին, բայց սա կոռուպցիայից վատթար է»,- նշեց փորձագետը

Նա նշեց, որ Հայաստանում վերջին մի քանի ամիսներին մթերքների գնաճը դասվում է «մասամբ հիմնավորված» կարգին: «Խոսքը ալյուրի, հացի, ձվի, բուսական յուղի, նպարեղենի, բրինձի, շաքարի, ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային ըմպելիքների, մսամթերքի մասին է: Մեզ մոտ միջազգային շուկայում գնաճին զուգահեռ գները նույնպես աճում են, իսկ ահա երբ ամբողջ աշխարհում գներն ընկնում են, մեզ մոտ, չգիտես ինչու, այդպիսի միտում չի դիտվում: Հայաստանում գնաճը կապված է ոչ միայն միջազգային շուկայում իրավիճակի հետ, այլեւ արժույթի տատանումների հետ»,- շեշտեց փորձագետը: Հայթյանի պարզաբանմամբ՝ էքստեմալ իրավիճակներում պետությունը պետք է ազդեցություն գործի առաջին անհրաժեշտության ապրանքների գների վրա: «Այդպիսի արտադրանքի ներմուծմամբ եւ արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունները պետք է պետական դոտացիաներ ստանան, որ սպառողի վրա գնաճը չանդրադառնա»,- եզրափակեց փորձագետը: