2020-ի պատերազմը պետք է մեզ բերի այն բանի գիտակցությանը, թե ինչ պետք է անել սպառազինության, բանակի, պետության հարցերում, որպեսզի պատրաստվենք այն իրավիճակներին, որոնք կարող են ծագել: Այս մասին ապրիլի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Ադրբեջանի եւ Թուրքիայի վարքագիծը ցույց է տալիս, որ նրանք չեն բացառում նման հնարավորությունը: Մենք պետք է օգտագործենք մեր ունեցած ժամանակը, որպեսզի պատրաստ լինենք իրավիճակին: Պատերազմից անցել է հինգ ամիս, բայց ես նման բան չեմ տեսնում: Հուսանք, որ այս գիտակցությունը կգա, եւ կլինեն որոշ քայլեր: Խոսքը միայն պետության մասին չէ (առաջին հերթին նրա մասին): Հասկանալի է, որ պետությունն այժմ զբաղված է այլ խնդիրներով: Խոսքը նաեւ հասարակության մասին է»,- ասաց նա:
Այն, ինչ տեղի ունեցավ 2016-ին, ըստ նրա, պատերազմ չէր ու պարտություն չէր, չնայած այդ իրադարձություններից հետո հայկական հասարակական-քաղաքական դիսկուրսում տեղի ունեցողը հաճախ անվանում էին հայերի պարտություն:
«Անցյալ տարի մենք իսկապես իմացանք, թե ինչ է պարտությունը: Եթե խոսենք ադրբեջանական կողմից՝ 2016-ի գործողությունը դարձավ հետախուզություն մարտի հետ: Հետախուզությունը բավականին հաջող էր, չնայած նրանք ավելի շատ մարդ կորցրեցին եւ ոչինչ չշահեցին: Բայց դրանից հետո պարզ դարձավ, թե ինչ զենք է անհրաժեշտ ձեռք բերել եւ ինչպես ռազմավարություն մշակել: Հայկական կողմի համար դա դարձավ քառօրյա տեղական գործողություն: Միջադեպի նպատակները ռազմական եւ ռազմավարական էին: Պետք էր հասկանալ, որ անհրաժեշտ էր պատրաստվել պատերազմի: Եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի: Այս սկզբունքը հատկապես արդիական է մեր տարածաշրջանում: 2016-ից հետո կար «Ազգ-բանակ» ծրագիրը, գնվեցին զենքեր, այդ թվում՝ հրթիռային համակարգեր: Կար անօդաչուների հետ կապված ծրագիր: Այս ամենը չհաջողվեց իրականացնել, բայց հասկանալի էր, որ Ադրբեջանի կողմից լուրջ ռազմական սպառնալիք կա»,- հավելեց փորձագետը:





























