ԱՄՆ սահմանային եւ մաքսային հսկողության ծառայությունը մարտին բերման է ենթարկել 171 հազար միգրանտ ԱՄՆ-Մեքսիկա սահմանին, ինչը դարձել է ռեկորդային ցուցանիշ 2006 թվականից ի վեր: Այդ մասին հաղորդում է The Washington Post թերթը:
Անցած ամիս սահմանին բերման է ենթարկվել ավելի քան 18 հազար անչափահաս, ինչը 99 տոկոսով բարձր է ընթացիկ տարվա փետրվարին միգրանտ երեխաներին բերման ենթարկելու թվով: Բացի այդ, բերման է ենթարկվել 53 հազար անձ, որոնք փորձել են հատել ամերիկյան սահմանն իրենց ընտանիքի հետ միասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Ալեհանդրո Մայորկասն ավելի վաղ նախազգուշացրել է, որ Միացյալ Նահանգները պետք է պատրաստվեն երկրում վերջին 20 տարվա ընթացքում Լատինական Ամերիկայի պետություններից ռեկորդային թվով անօրինական միգրանտների ժամանմանը:





























