«Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից ընդամենը 1 օր անց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ քանի դեռ հայկական զորքերը դուրս չեն եկել զբաղեցրած տարածքներից, Թուրքիան չի կարող դրական դիրք գրավել եւ բացել սահմանը, եւ որ առանց ԼՂ հարցում առաջընթաց գրանցելու, հաջորդ քայլերը կլինեն ավելի դժվար» ,- այսօր լրագրողներին հետ հանդիպման ժամանակ նշեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը, հավելելով, որ նման հայտարարություններին ի պատասխան Հայաստանն իր դիվանագիտությունը պետք է ուղղի Թուրքիայի այդ սպառնալիքների դեմ:

«Մենք չպետք է ավելորդ դրամ ու էներգիա ծախսենք, ասենք, Երեւանի օրը նշելու վրա, քանի ու Հայաստանը կարք ունի ուժեղ դիրք գրավել Թուրքիայի հետ հարաբերություններում: Սերժ Սարգսյանը պետք է հստակեցնի եւ սպառնա, որ չի գնա Բուրսա, եթե Թուրքիան շարունակի իր այդ սպառնալիքները»,- ասաց Ռ. Կիրակոսյանն ու հիշեցրեց, որ նման մարտավարությունը մի անգամ արդեն աշխատել է, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ չի մեկնի Թուրքիա, եթե մինչեւ ֆուտբոլային հանդիպումը առաջընթաց չլինի հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցում: «Միգուցե ՀՀ նախագահը չպետք է գնա Բուրսա, հատկապես, որ արձանագրություններն արդեն ստորագրված են: Առնվազն պետք է սպառնա, որ չի գնա, որպեսզի դրանով լռեցնի Թուրքիայի սադրանքները»,- ընդգծեց նա ու հավելեց. «Պետք է մենք միշտ պահենք մեղադրանքը Թուրքիայի վրա, եւ եթե Հայաստանի նախագահը չգնա Թուրքիա, դա կլինի Թուրքիայի մեղքը»: Ռ. Կիրակոսյանի ներկայացմամբ, «Թուրքիայի կողմից Հայաստանին դեռ էլի թեսթեր են սպասվում, եւ Հայաստանը պետք է միշտ պատրաստ լինի դրանց պատասխանելու»: