Հարավկորեական LG Electronics Inc ընկերությունը հայտարարել է սմարթֆոնների արտադրությունից հրաժարվելու մասին՝ դառնալով առաջին խոշոր սմարթֆոնների ապրանքանիշը, որն ամբողջությամբ կհեռանա շուկայից, հայտնում է Reuters-ը:
Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ սմարթֆոնների ենթաբաժինը գրեթե վեց տարի վնասով է աշխատել՝ ընդհանուր մոտ 4.5 միլիարդ դոլարի, եւ բարձր մրցակցությամբ հատվածից դուրս գալը LG-ին թույլ կտա կենտրոնանալ այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են էլեկտրական տրանսպորտային միջոցների բաղադրիչները, միացված սարքերը եւ խելացի տները:
Իր լավագույն շրջանում LG-ն շուկա էր դուրս եկել բջջային հեռախոսների մի շարք նորամուծություններով, այդ թվում՝ ուլտրալայնանկյուն տեսախցիկներով, իսկ 2013 թվականին Samsung-ից եւ Apple-ից հետո այն երրորդն էր աշխարհում սմարթֆոնների արտադրությամբ:
Սակայն ավելի ուշ դրա առաջատար մոդելները տուժեցին ինչպես ծրագրային ապահովման, այնպես էլ ապարատային խափանումների պատճառով, ինչը, զուգորդվելով ծրագրային ապահովման ավելի դանդաղ թարմացումների հետ, հանգեցրեց նրան, որ ապրանքանիշը սկսեց կորցնել իր պոպուլյարությունը:
Ներկայումս LG սմարթֆոնների մասնաբաժինն աշխարհում ընդամենը մոտ 2 տոկոս է կազմում: Ըստ Counterpoint-ի՝ անցած տարի LG-ն 23 միլիոն հեռախոս է վաճառել՝ Samsung-ի 256 միլիոն հեռախոսի համեմատ:





























