«Հայ-թուրքական արձանագրությունները ստեղծվեցին անհավասար պայմաններում եւ միմյանց սահմանների ճանաչումը խնդիրներ է առաջացնում: Ցավոք, ոչ մի տեղ նշված չէ պատժի մասին, եթե կողմերից որեւէ մեկը խախտի արձանագրությունների դրույթները»,- նման տեսակետով այսօր հանդես եկավ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը՝ ընդգծելով, թե դա նշանակում է, որ Թուրքիային ոչինչ չի խանգարում կրկին փակել սահմանը եւ նոր պահանջներ առաջ քաշել` օրինակ ԼՂ խնդրի հետ կապված: Նա կարծիք հայտնեց, որ Թուրքիան խաղում է լավ ու վատ ոստիկանի դերը, որտեղ հարձակվող ու վատ ոստիկանը Էրդողանն է, իսկ Գյուլը ձեւացնում է, թե ավելի մեղմ է: «Այլ խոսքով, աբսուրդի թատրոնը դեռ նոր է սկսվում»,- նկատեց ՌԱՀՀԿ ղեկավարը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ ստորագրված արձանագրություններն այդպես էլ չվավերացվեն, Ռ. Կիրակոսյանը պատասխանեց. "Կա իրական հնարավորություն, որ Թուրքիայի խորհրդարանը չվավերացնի այդ արձանագրությունները: Այդ դեպքում Հայաստանը պետք է հայտարարի, որ դրա մեղավորը Թուրքիան է եւ նա է անվստահելի այս խաղում: Մենք պետք է թուրքերին հայտարարենք. «Եթե կորցնեք այս հնարավորությունը, ապա երկրորդ անգամ դա ավելի դժվար կլինի եւ գուցե այս անգամ Հայաստանն ունենա նախապայմաններ»:
«Հավանաբար Հայաստանի ԱԺ-ն իր քվեարկությունը կկապի Թուրքիայի կողմից այդ արձանագրությունները վավերացնելու հետ: Եվ Հայաստանը հստակ պետք է ասի, որ այդ բեռը Թուրքիայի վրա է, մարտահրավերը Թուրքիային է ուղղված»,- ասաց փորձագետն ու նկատեց. "Թուրքիան հարգում է միայն ուժը եւ ժամանակն է ուժեղ լինել այդ ճակատում: Եթե Թուրքիան շարունակի պահանջներ առաջ քաշել, Հայաստանն էլ պետք է հարձակողական դիրք ընդունի եւ պահանջներ առաջ քաշի ու ասի. «Իսկ ի՞նչ կասեք Կիպրոսի մասին»:



















