ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հիպոթետիկ անդամակցությունը կհանգեցներ երկրի հարավ-արեւելքում լայնածավալ էսկալացիայի եւ ուկրաինական պետականության համար անշրջելի հետեւանքների: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ուշադրություն ենք դարձրել երեկ Դոնբասում եղած Ուկրաինայի նախագահ [Վլադիմիր] Զելենսկու այն հայտարարությանը, որ ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությունն իբր կհանգեցնի տարածաշրջանում հակամարտության ավարտին: Դաշինքին հիպոթետիկ անդամակցումը, չնայած Կիեւի սպասումներին, ոչ միայն Ուկրաինային խաղաղություն չի բերի, այլ հակառակը՝ կհանգեցնի հարավ-արեւելքում լայնածավալ էսկալացիայի եւ ուկրաինական պետականության համար անշրջելի հետեւանքների»,- ասել է նա: «Կիեւի իշխանություններին հերթական անգամ կոչ ենք անում դրսեւորել պատասխանատու մոտեցում եւ ի վերջո զբաղվել միջոցառումների մինսկյան համալիրով ստանձնած իր պարտավորությունների կատարմամբ»,- շեշտել է դիվանագետը:

Զախարովան նշել է, որ Դոնբասում իրավիճակը շարունակում է մնալ ծանր եւ սրվելու միտում ունի: Նրա խոսքով՝ պատճառը «Կիեւի ռազմատենչ տրամադրվածությունն է, որը նախկինի պես ապրում է երկրի հարավ-արեւելքում հակամարտության ուժային լուծման հնարավորության վերաբերյալ պատրանքներով»: «Այնտեղ են տեղափոխվում զորքեր ու տեխնիկա, թարմացվում են հավաքագրման ծրագրերը, պահեստազորի զորակոչերը: Ուկրաինայի լրատվամիջոցներում ռուսական առասպելական սպառնալիքի, Ուկրաինայի վրա գրեթե վաղը հարձակվելու Մոսկվայի ծրագրերի վերաբերյալ հիստերիան մեծանում է: Այս ամենը տեղի է ունենում մեծապես Կիեւի արեւմտյան կուրատորների փոխանցմամբ, ընդ որում՝ բացահայտ հրապարակային աջակցությամբ»,- արձանագրել է նա:

Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ին իր երկրի անդամակցությունը Դոնբասում պատերազմի ավարտման միակ ճանապարհն է: Միաժամանակ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը շեշտել էր, որ Կիեւը ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշմամբ միայն կխորացնի ներուկրաինական ճգնաժամը, քանի որ այդ հարցն անընդունելի է Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների բնակիչների համար: Նա նաեւ վերստին հիշեցրել էր, որ Դոնբասում տեղի ունեցողը ներուկրաինական հակամարտություն է, որին ռուսական զորքերը երբեք չեն մասնակցել: