Վրաստանը միանշանակ դրական է գնահատում հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու փաստը: Այս մասին ավանդական ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Դավիթ Ջալագանիան: Նրա խոսքով, Վրաստանը յուրահատում բարեկամական եւ գործարար գործընկերային հարաբերություններ ունի, մասնավորապես՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ:
Նա ընդգծել է նաեւ, որ վրացական կողմը ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավումը եւ կողմերի միջեւ ստորագրված արձանագրությունները: Ջալագանիայի խոսքով, նման քայլերը շատ կարեւոր են ողջ տարածաշրջանի խաղաղության ու կայունության համար: Այդուհանդերձ, ըստ նրա, դեռ վաղ է խոսել այն մասին, որ հարաբերությունների կարգավորումը որեւէ ազդեցություն կունենա տարածաշրջանային նախագծերի վրա:
Հիշեցնենք, որ որոշ վերլուծաբաններ կարծիքի էին հայտնել, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումից հետո, հնարավոր է, որ «Նաբուկո»-ն անցնի Հայաստանով:




























