Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները այցելում են Թուրքիա, որպեսզի այնտեղ քննարկեն հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը: Այս մասին, ըստ «Ինտերֆաքս»-ի, հայտնել է ադրբեջանա-թուրքական միջխորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Նիզամի Ջաֆարովը: «Իմ գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը, որում ընդգրկված են Միլի Մեջլիսի 10 պատգամավորներ, երեքշաբթի օրը մեկնում է Թուրքիա, որպեսզի թուրք հասարակությանը հասցնի ադրբեջանական կողմի դիրքորոշումը Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների վերաբերյալ»,- հայտարարել է Ջաֆարովն ու հավելել. «Մենք մտադիր ենք արձանագրությունները քննարկել Թուրքիայի քաղաքական գործիչների հետ, որոնք այս կամ այն կերպ կապված են դրանց ստորագրման հետ, բայց առաջին հերթին, մենք կհանդիպենք այդ երկրի իշխանության ներկայացուցիչներին»:
Ջաֆարովի խոսքով, ադրբեջանական կողմը այդ հանդիպումների ժամանակ մտադիր է թուրք քաղաքական գործիչներին հասցնել իրենց դիրքորոշումը, որ հայ-թուրքական սահմանի բացումը պետք է ընթանա Ղարաբաղի շուրջ գտնվող 7 շրջանների վերադարձի հետ եւ Ադրբեջանի տարածքում ԼՂ կարգավիճակի ճշգրտմանը զուգահեռ:
«Հակառակ դեպքում՝ կողմերի ցանկացած միակողմանի քայլերը կարող են բերել հակառակ գործընթացի»,- ընդգծել է նա:
Բացի այդ, Ջաֆարովը նաեւ ասել է. «Մենք համարում ենք, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, պետք է ազդեցություն գործեն Հայաստանի վրա, որպեսզի նա հրաժարվի տարածքային պահանջներից»: Նա նաեւ հավելել է, որ իրենց պատվիրակությունը Թուրքիայում կմնա մինչեւ հոկտեմբերի 17-ը:



















