Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հաստատել է, որ ԱՄՆ-ը չեղարկել է իր ռազմական նավերի անցումը Սեւ ծով:
«Մեզ (ԱՄՆ-ը) բանավոր ասել է, որ նավերի անցումը չեղարկվել է: Սակայն եթե որոշումը փոխեն, նրանք դեռ երեք օր ունեն նախորդ ծանուցումն օգտագործելու եւ նավերն ուղարկելու համար։ Ծանուցումը դեռ ուժի մեջ կլինի: Եթե նավերը երեք օրվա ընթացքում չանցնեն, ապա նրանք կրկին պետք է ծանուցում կատարեն ենթադրյալ անցումից 15 օր առաջ»,- NTV հեռուստաալիքի եթերում ասել է Չավուշօղլուն:
Նրա խոսքով, վերջերս ԱՄՆ-ը 14 ծանուցում է ուղարկել Սեւ ծով իր ռազմանավերի անցման մասին, որից հինգը հետագայում չեղարկվել է:
Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրը հայտնել էր, որ Անկարայում ԱՄՆ դեսպանատունը Թուրքիային տեղեկացրել է, որ Բոսֆորով իրենց երկու ռազմանավերի անցումը Սեւ ծով չեղարկվել է:




























