Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնել է Թուրքիա ոչ թե ուղղակի մրցակցելու, այլ հստակ նպատակով` հաղթելու: Այս մասին երեկ Բուրսայում հայ լրագրողներին հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ռուբեն Հայրապետյանը: Նրա խոսքով, եւ երիտասարդական հավաքականների հանդիպմանը, եւ հոկտեմբերի 14-ի խաղին հայկական թիմերը պատրաստ են ամբողջությամբ:

Ինչպես Բուրսայից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, Հայրապետյանը նշել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությունը մեր ֆուտբոլիստների համար մեծ նշանակություն է ունենալու: Նա նաեւ տեղեկացրել է, որ բոլոր նախապատրաստական աշխատանքներին եւ բուն խաղին հետեւելու է ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, ով երեկ է ժամանել Բուրսա:

Լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է, որ հաղթանակը հաշվեն հայերի օգտին, եթե ստադիոնում հանկարծ հայտնվի ադրբեջանական դրոշը, Հայրապետյանը պատասխանել է. «Իմ տեղեկություններով, խաղից մեկ օր առաջ եւ հենց խաղի օրը Բուրսայում ադրբեջանական դրոշների օգտագործումն արգելվելու է»: Նա հայ երկրպագուներին կոչ է արել տրիբունաներից գոռալ «Հայաստան» եւ «Առաջ Հայաստան»:

ՀՖՖ նախագահը պատասխանել է նաեւ թուրք լրագրողների հարցերին: Ո՞վ կհաղթի, հարցին ի պատասխան նա ասել է. «Թող հաղթի ուժեղագույնը»: