«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական զույգ „արձանագրությունների“ ստորագրումն իրոք կարող է դառնալ հայ ազգի դեմ կատարված եւ քողարկված ոճրագործությունների հաշվեմատյանի ամենավերջին գրառումը»,- իր նամակում գրում է Ժառանգության" առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու հավելում. «Հիմնարար արժեքներն առքուվաճառքի առարկա չեն: Որպես հայ ազգի ծառա` անդրադարձ կատարելով իմ նախկին պաշտոններին ու ներկա ընդդիմադիր կեցվածքին, ես ապշահար եմ այս վերջին ոճիրից: Իբրեւ Հայաստանի քաղաքացի, ով տարիներ շարունակ այդ պատվից զրկվել էր իրար հաջորդող իշխանությունների կողմից, ցավում եմ, քանի որ մեր ազգի հոգին վաճառվում է Թուրքիայի հետ „բարի կամքի“ եւ „բաց սահմանների“ կեղծ խոստումով»:
Նա նաեւ նշում է. ""Սա կեղծիք է եւ ոչ թե դիվանագիտություն: Հայերի համար ի՞նչ գին է ունենալու «բաց սահմանը», որը բոլոր քաղաքակիրթ ազգերին ընդհանրապես անվճար տրվող շնորհ է:
Առաջին` արձանագրությունները Հայաստանից պահանջում են հրաժարվել իր օրինական պատմական իրավունքներից եւ «դե յուրե» ճանաչել Թուրքիայի «դե ֆակտո» սահմանները, որոնք գծվել եւ նախասահմանվել էին հայ ժողովրդին իր բնօրրանում ոչնչացնելու եւ հայրենի օջախից բռնի կերպով զրկելու հիման վրա:
Երկրորդ` այս արձանագրությունները ներառում են ահաբեկչության երկուստեք դատապարտման խնդիրը` շրջանցելով, սակայն, ավելի մեծածավալ ու եղկելի ոճրագործության` Ցեղասպանության դատապարտումը:
Երրորդ` արձանագրությունները պահանջում են հարաբերությունների «պատմական հարթության երկխոսություն»: Այս քայլով, ոչ միայն ձեռնոց է նետվում Ցեղասպանության անառարկելի իրողությանը, այլեւ ապահովվում է հայկական պետության մեղսակցությունը` Թուրքիային ազատելու իր ցեղասպան գործողությունների համար որեւէ պատասխանատվությունից":
Այնուհետեւ անդրադառնալով խորհրդարանների կողմից արձանագրությունները վավերացնելուն, Ր. Հովհաննիսյանը գրում է. «Սա կիրականացվի հետեւյալ կերպ. արձանագրությունների կատարումը եւ թուրքական շրջափակման վերացումը նրանք կշաղկապեն „Ադրբեջանի բռնազավթված տարածքների“ հետ: Սույն բառակապակցությունն ակներեւաբար կեղծ ու անպատշաճ հղում է Լեռնային Ղարաբաղի ազատասեր ժողովրդի եւ Ղարաբաղի` անհավանական թվացող ազատության, թուրք-ստալինյան ժառանգությունից սահմանադրորեն ապագաղութացման եւ, որպես դրա հետեւանք, տարածքային ամբողջականության հանդեպ:
Եզրափակիչ վերլուծությամբ` Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիները զրկվել են իրենց ե’ւ ձայնը, ե’ւ ընտրությունն արտահայտելուց, որպեսզի որոշեն հույժ կարեւոր եւ էականորեն լուրջ գործընթացի արդյունքը: Սա հատկապես մտահոգիչ է, որովհետեւ գալիք շաբաթներին եւ ամիսներին կայացնելիք որոշումները կոչված են ճշգրտելու ապագա սերունդների ճակատագիրը, պատմության հետ առերեսվելու շանսերը, հավաքական հիշողությունը չփոշիացնելու, թուրք-հայկական վիթխարի ջրբաժանը անկեղծորեն վերացնելու հրամայականը»:




























