Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին դատի են տալիս հայաստանյան օրենսդրության խախտման համար:
«Մարդու իրավունքներ-96» կուսակցության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ հոկտեմբերի 10-ին հայտնի Արձանագրությունների ստորագրմամբ ՀՀ արտաքին գործերի նախարարը կոպտորեն խախտել է «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի մի շարք պահանջներ: «Այդ կապակցությամբ կուսակցությունը համապատասխան նյութեր է նախապատրաստում՝ դատարան դիմելու համար»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» եւ «Երկկողմ հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը պետք է ստորագրումից հետո վավերացվեն երկու երկրների խորհրդարանների կողմից:




























