Շիրակի մարզում նպաստառուների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2500-ով նվազել է: «Գյումրի-1» սոցծառայության նպաստների բաժնի պետ Ռաֆիկ Քոթանջյանի փոխանցմամբ, իրենց ցուցակներից դուրս է մնացել 800 ընտանիք: Եվս 1000 քաղաքացի դուրս է մնացել «Գյումրի-2» սոցծառայության ցուցակներից:
«Այն ընտանիքները, ովքեր ինչ-ինչ պատճառներով համակարգ են ներթափանցել, պարտավորվում են գումարները հետ վերադարձնել պետական բյուջե: Նրանց հետ կնքվելու է պայմանագիր, իսկ եթե նշված ժամկետում քաղաքացին չի վերադարձնի գումարը, հարցը կարգավորվելու է դատական ճանապարհով»,-NEWS am-ին ասել է Շիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռաֆիկ Փոթինյանը:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում դեռ նախորդ տարեվերջին սկսել էին զբաղվել ընտանեկան նպաստի համակարգը բարեփոխելու աշխատանքներով: Շիրակի մարզում նպաստառուների թվի կտրուկ նվազումը ոլորտի ներկայացուցիչներն ուրախալի փաստ են համարում:




























