Քիչ առաջ մեկնարկել է ԱԺ արտահերթ նստաշրջանը: Արտահերթ նիստը հրավիրվել է կառավարության կողմից հրատապ ճանաչված մի քանի խումբ հարցերի քննարկման նպատակով, որոնց թվում են մի շարք միջազգային համաձայնագրեր ու պայմանագրեր: Օրենսդիրը պետք է նաեւ փոփոխություններ եւ լրացումներ կատարի նաեւ մի շարք օրենքներում: Մասնավորապես` «Հարկերի մասին», «Ավելացված արժեքի մասին», «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին», «Պետական նպաստների մասին», «Եկամուտների մասին» օրենքներում:
Աժ արտահերթ նստաշրջանի օրակարգում է նաեւ մի քանի համաձայնագրերի վավերացումը, մասնավորապես` Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2011 թվականի մայիսի 19-ին ստորագրված «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումնային ծրագիր-Ծրագիր 2» վարկային համաձայնագիրը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2011 թվականի մարտի 24-ին ստորագրված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր» ֆինանսավորման շրջանակային համաձայնագիրը:
Նիստի աշխատանքներին մասնակցելու համար 88 պատգամավոր է հերթագրվել: Նրանցից շատերն, ի դեպ, դեռեւս դժվարանում են օգտվել համապատասխան քարտերից` նիստի աշխատանքներին հերթագրվելու համար եւ անհրաժեշտ է լինում քարտուղարության աջակցությունն այդ հարցում: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստիպված է լինում զգուշացնել. «Հարգելի պատգամավորներ, խնդրում եմ քարտերը ճիշտ տեղադրել»:




























