Յուրաքանչյուր տարի աշխարհի 58 զարգացող երկրներում կարելի է խուսափել մինչեւ 3.6 միլիոն մահերից, եթե մինչեւ 2015 թ. բարելավվի մանկաբարձական խնամքը: Այս մասին նշվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հրապարակած «Մանկաբարձներն աշխարհում 2011» նոր ծավալուն զեկույցում:

«Որպեսզի յուրաքանչյուր կին իր նորածնի հետ հնարավորություն ունենա օգտվելու որակյալ մանկաբարձական խնամքից, մենք պետք է տեսանելի քայլեր կատարենք՝ ընդլայնելու համայնքներում, երկրներում, տարածաշրջաններում եւ աշխարհում այսօր ունեցած ձեռքբերումները», - զեկույցի նախաբանում նշել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը:

Ամեն տարի 358,000 կին է մահանում հղիության կամ ծննդաբերության ընթացքում, մոտ 2 մլն նորածին մահանում է կյանքի առաջին 24 ժամվա ընթացքում եւ տեղ է գտնում մեռելածնության 2.6 միլիոն դեպք. եւ այս ամենը տեղի է ունենում անբավարար կամ ոչ պատշաճ բժշկական օգնության պատճառով:

«Մանկաբարձներն աշխարհում 2011» զեկույցը ցույց է տալիս, որ առանց հավելյալ 112,000 մանկաբարձներ պատրաստելու, տեղավորելու եւ համապատասխան պայմաններով ապահովելու, հարցում անցած 58 երկրներից 38-ը հնարավոր է չկարողանան հասնել միչեւ 2015 թ. ծնունդների 95 տոկոսին հմուտ մանկաբարձների մասնակցությունն ապահովելու ցուցանիշին՝ ինչպես պահանջում է մայրական առողջությանը վերաբերող Հազարամյակի զարգացման նպատակ 5-ը: Ողջ աշխարհում դեռեւս 350,000 մանկաբարձի պակաս կա:

Եթե բավարար հնարավորություններ առկա լինեին բարդությունների վերացման համար, երբ վերջիններս նոր-նոր են ի հայտ գալիս, հնարավոր կլիներ խուսափել ահռելի թվով մահերից՝ բոլոր մայրական մահերի 61 տոկոսից կամ գրեթե երկու երրորդից, մեռելածնության դեպքերի 49 տոկոսից կամ գրեթե կեսից եւ նորածինների մահերի 60 տոկոսից կամ յուրաքանչյուր 5-ից 3-ից: Զեկույցը հավելում է, որ եթե առկա լինեն բավարար թվով մանկաբարձներ, որոնք կարողանան առավել սուր բարդացումներն ուղեգրել նեղ մասնագիտական խնամքի,  կարելի է կանխել մայրերի մահացության դեպքերի մինչեւ 90 տոկոսը:

«Մանկաբարձերն աշխարհում 2011» զեկույցը, որի մշակումը համակարգել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, թվով 30 գործընկերների համագործակցության արդյունք է: Այն հիմնված է 58 երկրներում անցկացված հետազոտության վրա, որոնց բաժին է ընկնում ողջ աշխարհում ծնունդների ընդհանուր թվի մոտ 60 տոկոսը, մինչդեռ մայրական մահացության բոլոր դեպքերի 91 տոկոսը: Մանկաբարձների առավել սուր պահանջ ունեցող 38 երկրներից 22-ը կարիք ունի մինչեւ 2015 թ. կրկնապատկելու նրանց թիվը, 7-ը՝ եռապատկելու կամ քառապատկելու, իսկ ինը (Կամերուն, Չադ, Եթովպիա, Գվինեա, Հայիթի, Նիգեր, Սիեռա Լեոնե, Սոմալի եւ Սուդան) կարիք ունի շեշտակիորեն բազմապատկելու մանկաբարձների թիվը 6-ից 15 գործակցով:

Մահերի եւ հաշմանդամության դեպքերի մեծամասնությունը տեղի է ունենում ցածր եկամուտներ ունեցող երկրներում եւ այն պատճառով, որ կանայք՝ հաճախ աղքատ եւ լուսանցք մղված, հնարավորություն չունեն օգտվելու գործող առողջապահական հաստատությունների կամ որակյալ բուժաշխատողների ծառայություններից՝ հատկապես նրանց, ովքեր մանկաբարձական հմտությունների են տիրապետում:

Բացի մանկաբարձների անբավարար թվից, զեկույցը բացահայտում է նաեւ, որ երկրների ներսում մանկաբարձների բաշխումն ու որակն անհավասարաչափ են: