Թուրքական Բուրսա քաղաքում, որտեղ այս պահին գտնվում է Հայաստանի ֆուտբոլի հավաքականը, թուրք լրագրողների հարցերին պատասխանել են հայ ֆուտբոլիստներ Ռոբերտ Արզումանյանն ու Հենրիկ Մխիթարյանը:
Թուրք լրագրողները հետաքրքրվել են, թե ինչպես են տրամադրված մեր ֆուտբոլիստները, լո՞ւրջ են պատրաստվել խաղին եւ արդյո՞ք լավ են ճանաչում իրենց մրցակիցներին: Ինչպես Բուրսայից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, մեր ֆուտբոլիստները, բնականաբար, հայտարարել են, որ Բուրսա են եկել մեկ նպատակով` հաղթել: Մխիթարյանը նշել է, որ գիտի, թե ինչպես են երկրպագում իրենց հայրենիքում եւ ակնկալում են գեղեցիկ խաղ:
Արզումանյանի խոսքով, ինքը հրաշալի գիտի թե ինչ ուժեղ թիմի հետ պետք է իրենք խաղան՝ նշելով, որ թուրքական թիմը հիանալի խաղ է ցուցադրել Եվրոպայի առաջնության ժամանակ: «Բայց միեւնույնն է, մենք եկել ենք այստեղ հաղթելու»,- հավելել է նա:
Հարցին, թե չէի՞ք ցանկանա խաղալ թուրքական թիմերից որեւէ մեկում, կամ անգամ հանդես գալ Թուրքիայի ազգային հավաքականում, Արզումանյանը պատասխանել է, որ չի կարող պատասխանել, քանի որ այդ մասին չի մտածել, իսկ Մխիթարյանն, իր հերթին, ընդգծել է, որ դեմ չի լինի դրան: «Եթե արժանի թիմի կողմից հրավեր լինի, ես կմտածեմ»,- ասել է նա:




























