Samsung Electronics-ի նոր սմարթֆոնը՝ Galaxy S II-ը, հունիսի 21-ին ներկայացվեց Հայաստանում։ Բարձր տեխնոլոգիաներում առաջատարներից համարվող Samsung-ը Galaxy S II-ի վրա փորձել է տեղադրել այսօր հայտնի լավագույն տեխնելոգիաները։ Սմարթֆոնի դիսփլեյը Super AMOLED Plus տեխնոլոգիայով է ստեղծված, որը պատկերի որակական նոր հնարավորություններ է տալիս։ Ֆունկցիաների հսկայական հնարավորություն ունեցող սմարթֆոնի չափերը 125.3x66, 1x8.49 մմ է։ Մարտկոցները ընկերության հավաստմամբ մինչեւ 11 ժամ աշխատանքի հնարավորություն են տալիս սմարթֆոնին։ Samsung Electronics-ի կովկասյան գլխամասային գրասենյակի ղեկավար Օհ Սունգ Կիմը նշեց, որ Galaxy S II-ը ամբողջ աշխարհում սպասված սմարթֆոն է։
«Դա ապացուցում է սմարթֆոնի վաճառքի ցուցանիշը։ Հարավային Կորեայում միայն ապրիլ ամսին 600 հազար սմարթֆոն է վաճառվել»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ Հայաստանում եւ վաճառքի բարձր ցուցանիշներ կապահովեն։ Ըստ Samsung Electronics-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանի՝ Galaxy S II-ը Հայաստանում կվաճառվի մոտ 320 հազար դրամով։ «Սմարթֆոնը նոր է ներկայացվում, եւ դեռեւս գինը հստակեցված չէ, սակայն այն կվաճառվի մոտ 320 հազար դրամով»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Հայաստանում, ինչպես եւ աշխարհում, սպառողների մոտ սովորական բջջային հեռախոսներից դեպի սմարթֆոններ օգտագործելու միտում է նկատվում:
Պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին՝ Շահբազյանը տեղեկացրեց, որ ընկերությունը ներկայումս բանակցություններ է վարում Google ընկերության հետ, Galaxy S II-ում ներդրվի նաեւ հայերեն լեզուն։ «Սմարթֆոնն աշխատում է Android օպերացիոն համակարգով, եւ խնդիրը պետք է լուծվի Google ընկերությունում։ Հուսով ենք, որ առաջիկայում նրանք հայերենի հնարավորություն էլ կստեղծեն Android-ում»,- ասաց Շահբազյանը։




























