Հոկտեմբերի 12-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Մոսկովյան հանդիպումը երկու երկրների ղեկավարների` այս տարվա ընթացքում արդեն յոթերորդ հանդիպումն էր:

Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ, ողջունելով Հայաստանի նախագահին` Դմիտրի Մեդվեդեւն ասել է, թե ճգնաժամի պատճառով Ռուսաստանի եւ Հայաստանի ապրանքաշրջանառությունը վերջին ժամանակներս նվազել է, ինչն, իհարկե, հաճելի չէ: «Ես նայել եմ ապրանքաշրջանառությանը վերաբերող թվերը, այնտեղ դրամատիկ փոփոխություններ չկան, բայցեւայնպես նշանակալի անկում է` գրեթե 20 տոկոս: Այն, իհարկե, տհաճ է եւ պետք է մտածել` ինչպես լրացնել այդ բացը, քանի որ առեւտրատնտեսական փոխգործակցության ձեռք բերված տեմպերի պահպանումը կարեւոր է ե՛ւ Հայաստանի ե՛ւ Ռուսաստանի համար: Եթե խոսենք մեր հարաբերությունների այլ հարցերի մասին, ապա, ընդհանուր առմամբ, ամեն ինչ այնքան էլ վատ չէ»,- նշել է Մեդվեդեւը:

Հայաստանի նախագահը, իր հերթին, նշել է, վերջին երկու-երեք տարիների ընթացքում կատարված ծավալուն աշխատանքը թույլ է տվել ինչպես տնտեսության, այնպես էլ ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական հարաբերություններում, հումանիտար ոլորտում մոտենալ որակապես նոր քայլերի: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Մեդվեդեւին` Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման գործում Ձեր անձնական մասնակցության համար: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը եւ անձամբ Ձեզ` Թուրքիայի Հանրապետության հետ մեր հարաբերությունների զարգացման հարցում աջակցության համար: Ռուսաստանի արտգործնախարարի ներկայությունը ստորագրման արարողությանը մեկ անգամ եւս խոսում է այն մասին, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում ձգտում է խաղաղության եւ կայուն անվտանգության»,- ասել է Սարգսյանը:

Նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի առանձնազրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմավարական գործընկերային հարաբերությունների ողջ համալիրին եւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախագահները քննարկել են առեւտրատնտեսական փոխգործակցության հետագա զարգացմանը, միջտարածաշրջանային համագործակցության խորացմանը, էներգետիկայի եւ ռազմատեխնիկական ոլորտում խոշոր նախագծերի իրականացմանը, տարածաշրջանային կազմակերպություններում` ԱՊՀ-ում, ՀԱՊԿ-ում եւ ԵվրԱզԵս-ում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարներն անդրադարձել են տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հրատապ խնդիրներին, քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման երկու առանձին գործընթացներին վերաբերող հարցեր: Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդեւը քննարկել են նաեւ տարբեր ոլորտներում հեռանկարային ներդրումային նախագծերին վերաբերող հարցեր:

Հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել ՀԱՊԿ-ի շրջանակներում երկու երկրների միջեւ համագործակցության հեռանկարներին եւ օրերս Ղազախստանում մեկնարկելիք «Փոխգործակցություն-2009» զորավարժությունների համատեքստում դիտարկվող Արագ արձագանքման հավաքական ուժերին: