Քաղաքացու ընտրական իրավունքի դեմ ուղղված անօրինական գործողությունները, համաձայն գործող օրենսդրության, նախատեսում են քրեական պատիժ եւ ազատազրկում 6 ամսից 1 տարի ժամկետով, սակայն «Իմ քայլը» ցանկանում է խստացնել պատիժը՝ մինչեւ 3 տարի: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում Քրեական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանը:
Նրա գնահատմամբ՝ պատասխանատվության խստացումը, որպես կանոն, չի հանգեցնում հանցանքների կամ խախտումների թվի կրճատման: «Այնուամենայնիվ, ցանկանում եմ անդրադառնալ երկու կետի, որոնք բխում են տվյալ օրենսդրական նախաձեռնությունից: Առաջինը վերաբերում է ընտրություններին մասնակցող կուսակցության կամ թեկնածուի մասին կեղծ տվյալների հրապարակմանը: Դրա համար արդեն հիմա կարելի է պատասխանատվության ենթարկել, սակայն արդեն այլ հոդվածով՝ զրպարտության տարածում: Մեզ մոտ կարող են միջազգային կոնվենցիաների հետ խնդիրներ առաջանալ»,-նկատեց պատգամավորը:
Նա նաեւ նշեց, որ «Իմ քայլի» նախաձեռնությունը, ըստ էության, զրկում է ընդդիմությանը ընտրություններին մասնակցելու համար միջոցներից: «Ինչ վերաբերում է նվիրատվություններ կատարելուն անձանց ստիպելու մասին կետին, ապա, պետք է նշեմ, որ տվյալ դեպքում ընդդիմությունը չունի մեխանիզմներ, որոնք թույլ կտային նվիրատվություն կատարել իր կամ որեւէ հիմնադրամի օգտին: Այլ բան է իշխանությունը, որն ունի հնարավորություն գործադիր եւ վարչական լծակներ կիրառելու, եւ որը կարող է որոշակի միջոցներ ձեռնարկել, որպեսզի գործարարներին ստիպի ֆինանսական միջոցներ ներդնել նախընտական արշավի անցկացման համար»,-նշեց Սամսոնյանը:
Նշենք, որ փոփոխությունների հիմնական էությունը նախընտրական արշավին խոչընդոտելու համար քրեական պատասխանատվություն սահմանելն է: Ինչպես արդեն նշել են փորձագետները, իշխանությունը հապճեպ կարգով փաթեթ է նախապատրաստել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած անհաջող այցից հետո: Սյունիքում նրան վռնդել էին՝ մեղադրելով դավաճանության մեջ:





























