Հունաստանի խորհրդարանը քվեարկել է վարչապետ Յորղոս Պապանդրեուի կառավարությանը վստահության քվե տալու օգտին: Վստահության քվեին կողմ են արտահայտվել 155 պատգամավորներ, դեմ` 143-ը, երկու պատգամավոր չի քվեարկել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հունաստանը կոշտ բյուջետային կրճատումներ է իրականացնում ԵՄ-ի եւ ԱՄՀ-ի վարկային աջակցության դիմաց: Անցած շաբաթ վարչապետը խոշոր վերադասավորումներ էր կատարել կառավարությունում` փոխելով ֆինանսների, արտաքին գործերի, պաշտպանության եւ ներքին գործերի նախարարներին եւ վստահության քվե էր պահանջել:

Քվեարկությունը սովորական ձեւականություն չէր, թեեւ կառավարող կուսակցությունը մեծամասնություն ունի 300-տեղանոց խորհրդարանում: Նախորդ շաբաթ խմբակցությունը լքել էին մի քանի պատգամավորներ: Բացի այդ, վարչապետը բախվել էր ներկուսակցական ընդդիմության հետ` 28 միլիարդանոց կրճատման ծրագրի հետ կապված: