«Ոչ մի հարցազրույց, ես լիազորված չեմ որեւէ բան ասել, դրա համար ոչինչ չեմ կարող ասել»,-երեկ թերթին ասել է ԱԺ ԲՀկ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, երբ փորձել են նրանից ճշտել, թե ինչ է մտածում ԲՀԿ-ն իշխանություն-ընդդիմություն երկխոսության եւ իշխանական պատվիրակություն ձեւավորելու հարցի վերաբերյալ:

«ՀԺ»-ի հարցին, թե ինչին է սպասում՝ Սաֆարյանը պատասխանել է. «Ոչինչ չունեմ ասելու, որովհետեւ ես այդ գործընթացի մասին որեւէ հայտարարություն անելու լիազորություն չունեմ»: Նա ասել է, թե «ռուբիլնիկն անջատել է» եւ խոստովանել միայն, որ առավոտյան ԲՀԿ խմբակցությունում ԱԺ արտահերթ նիստից առաջ քննարկում է եղել: Ինչ թեմայով՝ չի ասել: (Ի դեպ, Սաֆարյանը նույն ձեւակերպումներով  պատասխանն է տվել նաեւ NEWS.am-ի թղթակցին-NEWS.am):

Սաֆարյանի կարծիքով՝ քաղաքական դաշտն ամռանն արձակուրդ է գնալու, եւ ակտիվ գործընթացների կարելի է սպասել միայն աշնանը: Իսկ մինչ ԲՀԿ-ն համառորեն հրաժարվում է հրապարակային հայտարարություններ անել ընթացող ներքաղաքական գործընթացների վերաբերյալ, պարբերականի աղբյուրները պնդում են, որ սույն կուսակցությունն ակտիվորեն աշխատում է «տակից»՝ փորձելով մարդկանց ներգրավել իր շարքերը՝ պատրաստվելով ընտրությունների: