Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի տարրական դպրոցում մի քանի օր է՝ ինչ դասապրոցեսը խաթարված է։ Դպրոցը, որն ունի 50 աշակերտ, երկու մասի է բաժանվել։ Ուսուցչական անձնակազմի ու ծնողների մի մասը  դեմ է դպրոցի տնօրեն Նազիկ Հովհաննիսյանի պաշտոնավարմանը և արդեն երկու օր է՝ բողոքի ակցիաներ են իրականացնում ընդդեմ նրա, մի մասն էլ որևէ խնդիր չի տեսնում նրա պաշտոնավարման հետ կապված։

Տարրական դպրոցի տնօրենի ընտրությունը կայացել է ապրիլի 20–ին։ Միակ թեկնածուն եղել է Նազիկ Հովհաննիսյանը, որը 7 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվել է։ Նազիկ Հովհաննիսյանը մինչև այդ էլ՝ մոտ 12 տարի, պաշտոնավարել է, սակայն 2019թ. տարեվերջին, երբ նա որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի (առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում, 2020թ. տարեսկզբից այլևս չի պաշտոնավարել։

NEWS.am-ի հետ զրույցում ծնողներից մեկը, որի անունը նրա խնդրանքով չենք    հրապարակում, ասաց, որ Նազիկ Հովհաննիսյանի դեմ բողոքը կապված է նրա կողմից նախկինում դրամահավաքներ կազմակերպելու և այդ գումարը նպատակին չծառայեցնելու հետ։

«Ինքը շատ անգամներ է դրամական հավաքներ արել, որոնք անտեղի են օգտագործվել։ Ինքն ասում է, որ այդ գումարներով դպրոցի ներսում աշխատանքներ են կատարվել, բայց չկա։ Կողքից լսում ենք, որ ճաշարանի կահույքը հովանավորել է World Vision-ը, իսկ մեր գումարը չկա։ Իրենք պարտադրում էին ամեն երեխային 2 500 դրամից ոչ պակաս գումար հավաքել։ Իսկ ո՞ւր է այդ գումարը, ոչ ոք չգիտի։ Ճաշարանի սնունդն էլ այն չէ, երեխուն մի կտոր հաց էր տալիս, եթե երեխան երկրորդ կտորն էր ուզում, ասում էր՝ թող գրող ուտի, իրենց տունը ուտելիք չկա, թող բերեն։ Տնից ծնողներն ամեն ինչ ուղարկում էին՝ կարտոֆիլ, սոխ, և այլն։ Պարի խումբ ունեինք դպրոցում, վճարը 3000 դրամ էր, ինքը 3 500 դրամ սարքեց, որ իբր պահակին ու հավաքարարին գումար տար, բայց նրանք միշտ բողոքում էին, որ գումարը տեղ չի հասնում։ Ինչի՞ համար էինք տալիս այդ գումարը։ Դպրոցի ներսում սանհանգույց ունենք, բայց դա չէր օգտագործվում երեխաների համար, դրանից օգտվում էին ուսուցիչներն ու իրենց իմացած  մի քանի երեխաները։ Ձմեռվա բքին մեր երեխաները դպրոցից 30–40 մետր հեռավորության վրա գտնվող սանհանգույց, որն իհարկե, չի կարելի, համարել սանհանգույց։ Երբ դիմում էինք բարձր ատյաններին, որ նորմալ սանհանգույց կառուցեն, ասում էին՝ ծրագրում չկա, որովհետև դպրոցը սանհանգույց ունի ներսում։ Դպրոցի ներսում գտնվող սանհանգույցից երեխաները սկսել են օգտվել, երբ Նազիկ Հովհաննիսյանին փոխարինում էր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը»,– պատմեց նա։

Մինչև տնօրենի ընտրությունը, ծնողներով հավաքվել և քննարկել են, թե խորհրդի անդամ ծնողկոմիտեի ներկայացուցիչներն ինչպես պետք է քվեարկեն տնօրենի օգտին։ Որոշվել է, որ ծնողների անունից պետք է դեմ քվեարկեն, սակայն խորհրդի անդամ երկու ծնողները կողմ են քվեարկել, ինչը զարմացրել է մյուս ծնողներին։

«Իրենք այնքան հպարտ էին նստած, կոպիտ ասած՝ ոնց որ ասեին՝ թքած ունենք ձեր կարծիքի վրա։ Էն մեկը շուտ փախավ։ Երևի մտածում էին, որ իրենց կարծիքը պետք է հայտնեին, որովհետև իրենք կողմ էին, բայց կարծում եմ՝ պետք է մեծամասնության կարծիքը հաշվի առնեին»,– NEWS.am-ի հետ զրույցում պատմեցմեկ այլ ծնող, որը նույնպես չցանկացավ ներկայանալ։

Ծնողներից շատերն են մտադիր իրենց երեխաներին հանել և տեղափոխել գյուղի մեկ այլ դպրոց։ Նրանց կարծիքով՝ մարզպետ Գնել Սանոսյանը հովանավորում է Նազիկ Հովհաննիսյանին։

Մեծ Մասրիկ համայնքի ղեկավար Արմեն Ասատրյանն էլ մեզ հետ զրույցում տարակուսանք հայտնեց՝ խնդիրը ո՞րն է, չէ՞ որ մրցույթի արդյունքներով Նազիկ Հովհաննիսյանը 7 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվել է։

«Չեմ հասկանում՝ ինչո՞ւ են հասել էդտեղ, անունն ի՞նչ են դրել։ Մի հատ խախտում եղե՞լ է, թող ասեն՝ էսինչ խախտումը եղել է, չենք ուզումով է, հա՞։ Չեմ հասկանում խոսակցությունները մարզպետի՝ հովանավորչության հետ կապված, նա ի՞նչ կապ ունի, ընտրություն չի՞։ Բա թող բողոքներից մեկը թեկնածություն առաջադրեր, հարյուր անգամ ինձ ասել են՝ հավաստագիր ունեցող գյուղում կա՞, մարդ չկար, հիմա ինչ անենք»,– ասաց Արմեն Ասատրյանը։

Հավելենք, որ համայնքի ղեկավարի, մարզպետարանի ներկայացուցչի մասնակցությամբ,  այսօր քննարկում է տեղի ունենալու խնդրով շահագրգիռ անձանց միջև։