«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջարկում էրբուհերի գիտական ներուժի ներգրավմամբ գիտական կենտրոն ստեղծել, որը մասնագիտացած կլիներ բանակի կարիքների համար մշակումների գործում: Այս մասին Ազգային ժողովում պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին «Զինվորական ծառայության եւ զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց օրենսդրական նախաձեռնության հեղինակ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:
Այդպես, ըստ նրա, ռազմարդյունաբերական համալիրում առաջարկվում է գործող գիտական կենտրոն ստեղծել: «Այն գիտական, հետազոտական ծրագրեր է իրականացնելու՝ ելնելով բանակի եւ պետության կարիքներից»,- բացատրեց պատգամավորը:
Ընդ որում, այն ուսանողները, ովքեր բուհ ընդունվելիս համապատասխան պայմանագիր կկնքեն, բանակից տարկետում կստանան: Գորգիսյանը նշեց, որ բակալավրի աստիճան ստանալուց հետո նրանք ստիպված կլինեն շարունակել իրենց ուսումն ու գիտական աշխատանքը նշված գիտական կենտրոնում: «Ենթադրվում է, որ կենտրոնի աշխատանքներում ներգրավված ուսանողները սպայական կոչումներ կստանան», - ասաց խորհրդարանականը:
Պատգամավորի խոսքով՝ արդյունքում կստեղծվի հարթակ գիտական ներուժն ի շահ բանակի ու պետության օգտագործելու համար:
Այնուամենայնիվ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները դեմ հանդես եկան նախաձեռնությանը՝ նշելով, որ գաղափարը ինքնին գովելի է, բայց դրա իրականացումը նպատակահարմար չէ:
Սկեպտիկորեն արձագանքեց նաեւ կառավարությունը: Մասնավորապես, Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը նշեց, որ հանրապետության Զինված ուժերի կազմում արդեն գիտական վաշտ է գործում, եւ նոր կառույց ստեղծելու անհրաժեշտություն պարզապես չկա:
Արդյունքում, պրոֆիլային հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց օրենսդրական այս նախաձեռնությանը:





























