Ապրիլի 29-ին ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացվեց էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների կողմից, ովքեր կկրճատվեն օպտիմալացման արդյունքում:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, ով դուրս էր եկել ակցիայի մասնակիցների մոտ, պարզաբանեց, որ գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարության եւ մոնիտորինգի վարչության աշխատակիցների թիվը նվազում է:
Նա հավելեց, որ նախարարությունում 459 աշխատատեղերից մնացել է 390-ը, սակայն դժվարացավ ասել՝ կլինեն այլ կրճատումներ, թե ոչ:
«Օրենքի համաձայն՝ աշխատակիցները փոխհատուցում կստանան, նրանց ժամանակ կտրվի աշխատանք գտնելու համար: Այս որոշումն ընդունվել էր դեռ դեկտեմբերին: Որոշումը ես չեմ կայացրել»,- նշեց Քերոբյանը:
Բողոքողներից մեկը բացատրեց, որ 69 ընտանիք կկորցնի իրենց ապրուստը, իսկ մարդկանց աշխատանքից հեռացնելուց առաջ անհրաժեշտ էր մարդկանց աշխատանքով ապահովել:
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը շեշտեց, որ իր կյանքում եղել է մի պահ, երբ մեկ օրվա ընթացքում 800 մարդ է կրճատել:



























