Երևանի Արաբկիր վարչական շրջանի «Թիթեռնիկ» մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներն այսօր՝ ապրիլի 30-ին, բողոքի ակցիա էին կազմակերպել Երևանի քաղաքապետարանի առջև։ Մանկապարտեզում սկսվում է հիմանահատակ նորոգում, ինչի պատճառով մանկապարտեզի 160 սաներ երկուշաբթի օրվանից 18 ամիս չեն կարողանա հաճախել մանկապարտեզ, իսկ մանկապարտեզի աշխատակիցները մատնվում են հարկադիր պարապուրդի։ Մանկապարտեզի փակվելու մասին ծնողներին տեղյակ են պահել ապրիլի 27-ին՝ դեռևս չառաջարկելով որևէ այլընտրանք։

Ծնողների հետ հանդիպման եկած Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պետ Կարեն Սարգսյանի խոսքով՝ քաղաքապետարանը սպասում է առողջապահության նախարարության փաստաթղթին՝ մանկապարտեզներում խմբերի թվային քանակն ավելացնելու մասին, որպեսզի կարողանա երեխաներին տեղավորել համայնքի այլ մանկապարտեզներում։

«Այժմ փորձում ենք նույն վարչական շրջանի այլ մանկապարեզներում երեխաներին տեղափոխելու հարցը լուծել։ Բայց քանի դեռ երեխաների թվային սահմանափակման հարց կա, այս պահին չենք կարող անել։ Այն ծնողները, որոնց երեխաները արդեն հաճախում են, իրենց տրվելու է առաջնահերթություն։ Այսինքն՝ մեզ համար կարևոր է, որ հաճախող երեխան չդադարի հաճախել»,- ասաց Կարեն Սարգսյանը։

Հարցին, թե առողջապահության նախարարությունը երբ կուղարկի համապատասխան փաստաթուղթը, Կարեն Սարգսյանը նշեց, որ Երևանի քաղաքապետարանն ամեն օր կապի մեջ է նախարարության հետ․ «Մարդիկ ասում են՝ շուտով կլինի, այսօր-վաղը։ Մենք երբ որ ունեցանք փաստաթուղթը, արդեն անմիջապես զբաղվում ենք տեղավորման գործով»։

Ծնողները քաղաքապետարանի ներկայացուցչին հանձնեցին դիմումներ և իրենց հեռախոսահամարները, իսկ ներկայացուցիչը խոստացավ կապ հաստատել նրանց հետ։

Լրագրողների հետ զրույցում ծնողները նշեցին, որ իրենց երեխաները մեծ սիրով են մանկապարտեզ հաճախում և այժմ սթրեսի մեջ են։ Երեխաներից շատերն ավագ խմբի երեխաներ են, նրանք մեկ ամսից պետք է ավարտեն ու իրենց հանդեսները չեղարկված են։

«Եթե փաստաթուղթն առողջապահության նախարարությունից շուտ գար, մենք նման խնդրի չէինք բախվի։ Նորոգումը կարելի էր սկսել ամռաը կամ կովիդի սահմանփակման ընթացքում, որպեսզի երեխաները հետ չընկնեն, և աշխատող ծնողներն էլ խնդրի առջև չկանգնեն»,- ասացին ծնողները։

Ծնողների կարծիքով՝ անգամ այն պարագայում, եթե առողջապահության նախարարությունը որոշում կայացնի մանկապարտեզներում երեխաների խմբերի մեծացման, առաջնահերթությունը կտրվի այն երեխաներին, որոնք այդ մանակապարտեզում հերթագրված են։