Ինչպես Երեւան համայնքը, այնպես էլ ԱՎՇ ղեկավարի աշխատակազմը, որեւէ այլ միջամտության հնարավորություն չունեն եւ չեն կարող դադարեցնել ծառահատման աշխատանքները՝ իրավական հիմքերի բացակայության պատճառով․ յուրաքանչյուր գործողություն կարող է դիտարկվել որպես հողը բարեխիղճ կերպով ձեռք բերած սեփականատիրոջ իրավունքի խախտում։ Այս մասին պարզաբանում է տարածել Արաբկիր վարչական շրջանի ղեկավարությունը՝ անդրադառնալով Բաղրամյան 79ա հասցեում գտնվող կանաչ պուրակում իրականացվող ծառահատումների վերաբերյալ։
«Բաղրամյան 79ա հասցեում գտնվող կանաչ պուրակում իրականացվող ծառահատումների վերաբերյալ
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը Բաղրամյան 79ա հասցեում գտնվող կանաչ պուրակում դեռեւս 2014-15 թվականներին տեղադրել է մանկական խաղեր՝ նույնիսկ չենթադրելով տարածքի՝ մասնավոր սեփականություն լինելու մասին։
2021թ․ապրիլի 7-ին Արաբկիր վարչական շրջան դիմում է ներկայացրել սեփականատիրոջ ներկայացուցիչ Նոնա Չոլախասվովան, ինչից պարզ է դարձել, որ նշված տարածքն ունի սեփականատեր, ով, օգտվելով սեփականատիրոջ իր իրավունքներից, խնդրում է ապամոնտաժել մանկական խաղահրապարակը։
Ուսումնասիրությունից պարզվել է, որ 28.12.2004 թ․ Երեւանի քաղաքապետի 2467-Ա որոշմամբ տվյալ տարածքը սեփականաշնորհվել է «Փավրիզ» ՓԲԸ-ի անունով՝ հիմքում ունենալով նաեւ 29.11.2004 թ․ այն ժամանակ գործող ՀՀ տնտեսական դատարանի որոշումը։
2005 թ․ նշված ընկերությունը հողակտորը վաճառել է Սարգիս Ափիկյանին, ով էլ իր հերթին 2013թ․ այն վաճառել է Գեւորգ Մանուկյանին։
Ներակյիս սեփականատերը ԻԻՀ քաղաքացի Միրյաղուբ Մուսավի Գառգառի Սեյեդէբրեհիմն է, ով տարածքը գնել է 07.10.2014 թ․-ին։
Քանի որ նշված տարածքը առերեւույթ կարող էր ընդգրկված լինել ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածի սահմանափակումնների ցանկում եւ սեփականաշնորհված լիներ որոշակի խախտումներով, 15.04.2021 թ․ ԱՎՇ ղեկավար Արամ Դանիելյանը դիմել է ՀՀ դատախազություն՝ տարածքի սեփականաշնորհման հիմքերն ուսումնասիրելու եւ քրեական գործ հարուցելու նպատակով։ Նույն օրը վարչական շրջանի համապատասխան ծառայությունների ղեկավարները այցելել են խնդրահարույց տարածք, որտեղ ստեղծվել էր կոնֆլիկտային իրավիճակ ոստիկանների եւ ծառահատումը խոչընդոտել փորձող բնակիչների միջեւ։
Քանի որ քաղաքացիների կողմից ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցի վերաբերյալ օրինապահ մարմինները դեռեւս դիրքորոշում չէին հայտնել, վարչական շրջանի աշխատակիցների միջամտությամբ եւ սեփականատիրոջ հետ բանակցությունների արդյունքում աշխատանքները ժամանակավորապես դադարեցվեցին (7օրով)։
Սակայն, բնակիչների եւ սեփականատիրոջ հետ պայմանավորված ժամկետի ավարտից հետո, օրենսդրական դաշտում չունենալով որեւէ խոչընդոտ, սեփականատերը վերսկսել է ծառահատման աշխատանքները՝ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին խնդրելով ապամոնտաժել խաղահրապարակը։
Վարչական շրջանի աշխատակիցները, դարձյալ լինելով վիճահարույց հասցեում, պարզել են, որ բնակիչների կողմից որեւէ հայցադիմում դեռեւս դատարանում մուտքագրված չէ, ուստի արգելանքի որեւէ որոշում առկա չէ։ ՀՀ դատախազության կողմից եւս չի կայացվել տվյալ փուլում արգելանք դնելու որոշում։
Նշված իրավիճակում ինչպես Երեւան համայնքը, այնպես էլ ԱՎՇ ղեկավարի աշխատակազմը, որեւէ այլ միջամտության հնարավորություն չունեն եւ չեն կարող դադարեցնել ծառահատման աշխատանքները՝ իրավական հիմքերի բացակայության պատճառով․ յուրաքանչյուր գործողություն կարող է դիտարկվել որպես հողը բարեխիղճ կերպով ձեռք բերած սեփականատիրոջ իրավունքի խախտում։
ԱՎՇ ղեկավար Արամ Դանիելյանը եւ աշխատակազմը հնարավորության սահմաններում հետաձգել են ծառահատման աշխատանքները, սակայն ձեռքի տակ չունենալով գործընթացի կասեցման որեւէ իրավական փաստաթուղթ՝ այլեւս չեն ունեցել միջամտելու եւ ծառերի հատումը խոչընդոտելու հնարավորություն»,- նշվում է պարզաբանման մեջ։




























