Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլին, որն ընդգրկված է այն անձանց ցուցակում, ում մուտքը ՌԴ արգելված է, նման արգելքի մասին ռուսական իշխանությունների որոշումը համարել է «եվրոպական ժողովրդավարության սիրտը գրոհելու» փորձ»,- գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Կարծում եմ՝ նրանք փորձել են գրոհել եվրոպական ժողովրդավարության սիրտը: Սա նշանակում է, որ Եվրախորհրդարանը կատարում է նախազգուշացնելու, կոչ անելու եւ իրավական պետության արժեքներն ու ազատությունը պաշտպանելու իր պարտականությունը»,- ասել է եվրոպացի քաղաքական գործիչը:
«Այս վերջին տարիներին շատերն են փորձել բաժանել մեզ, բայց չեն կարողացել դա անել: Եվրոպացիները սիրահարված են իրենց ազատություններին: Եւ, իհարկե, մենք կշարունակենք անել ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանի եւ քաղաքացիները, եւ՛ քաղաքացուհիները կարողանան իրավական պետություն ու ժողովրդավարություն ունենալ»,- ասել է Սասոլին:
Եվրահանձնաժողովի նախագահի տեղակալ, թափանցիկության հարցերով եվրահանձնակատար Վերա Յուրովան իր դեմ Ռուսաստանի կողմից սահմանված անհատական պատժամիջոցները կապել է ԵՀ-ում իր գործունեության եւ Վրբետիցայում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ իր դիրքորոշման հետ, որտեղ 2014-ին զինամթերքի երկու պահեստներ էին պայթել, որի մեջ Չեխիայի իշխանությունները կասկածում են ռուսական հատուկ ծառայություններին: Եվրամիությունը, Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալի խոսքով, պետք է ավելի կոշտ դիրքորոշում ունենա Ռուսաստանի Դաշնության նկատմամբ: Խոսքը վերաբերում է Վրբետիցայում տեղի ունեցած միջադեպին, մարդու իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների հետ կապված իրավիճակին եւ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին, գրում է ՏԱՍՍ-ը:
Մոսկվան ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստան ԵՄ երկրների ութ քաղաքացիների եւ ԵՄ պաշտոնական կառույցների ներկայացուցիչների մուտքը փակ է», ցուցակը հրապարակվել է ուրբաթ օրը, եւ դրանում, ի թիվս այլոց, ընդգրկված է Եվրախորհրդարանի ղեկավար Սասոլին:





























