Իշխանությունները պարտավոր էին քաղբանտարկյալներին ազատ արձակել, քանի որ նրանց հանիրավի էին բանտարկել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունիսի 22-ին նման հայտարարություն արեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Քաղաքական հարցերում Սերժ Սարգսյանը անխոս Ռոբերտ Քոչարյան չէ, ինչը նա ցույց տվեց այսօրվա դրությամբ: Սակայն դա քիչ է եւ մեր «լոզերը» դրանից չպետք է գնա: Հեղափոխության, կտրուկ փոփոխությունների պատրաստակամության մահակը իշխանություններն ու Սերժ Սարգսյանը ամեն օր պետք է տեսնեն»,-նկատեց Բագրատյանը: Նրա խոսքով` ՀԱԿ-ը երեխա չէ եւ շատ լավ հասկանում է, որ մարտի 1-ի, օլիգարխներ աճեցնելու եւ կոռուպցիայի բարձր տոկոսի հարցում պատասխանատու է նաեւ Սերժ Սարգսյանը:
Բագրատյանը թեեւ դրական է գնահատում իշխանության հետ ՀԱԿ-ի երկխոսությունը, սակայն, նրա հավաստմամբ, այն ոչ միանշանակ է ընդունվել ընդդիմության շարքերի, այդ թվում եւ Հրանտ Բագրատյանի ղեկավարած «Ազատություն» կուսակցության անդամներից շատերի կողմից:




























