«Ընտրենք կյանքը» նախաձեռնության անդամներն այսօր` հունիսի 22-ին, ժամը 19.30-ը, նամակներ են փակցնելու երեւանյան կամուրջներից, բաժանելու են թռուցիկներ: Ակցիան միտված է նվազեցնել հանրապետությունում աճող ինքնասպանությունների թիվը: Այդ մասին այսօր` հունիսի 22-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին նախաձեռնող խմբի անդամները:
«Ընտրենք կյանքը» ակցիայի նախաձեռնողը ցանկանում էր ինքնասպանություն գործել, ինտերնետում համապատասխան մեթոդներ էր փնտրում դրա համար, հանկարծ հանդիպեց այդ նամակին եւ որոշեց չգործել ինքնասպանություն: Կամուրջներից եւ քաղաքի այլ հատվածներում փակցվելիք նամակի մեջ մասնավորապես նշված է. «Տիեզերքի կենդանի էակներից միայն մարդուն է տրված մտածելու, սիրելու, տնօրինելու, ծիծաղելու, երեւակայելու, ստեղծելու, ծրագրելու, խոսելու եւ աղոթելու ունակությունը: Հավատա´, դու հրաշք ես, կատարյալ արարած, որն ընդունակ է տնօրինել իր սեփական ճակատագիրը: Դու կարող ես քո մտքերը դարձնել իրականություն: Եվ ի վերջո, դու, ես, բոլորս կարող ենք բարելավել թե´ մեր, թե´ ուրիշների կյանքը: Դու ունես ընտրելու ունակություն եւ հնարավորություն: Ճիշտ ընտրության դեպքում քո առջեւ կբացվեն երջանկության ու հաջողության դռները: Ընդամենը պետք է խելամիտ օգտագործել քեզ տրված կարողություները` կատարելով ճիշտ ընտրություն: Իմ անծանոթ ու ծանոթ ընկեր, արի ընտրենք կյանքը, ոչ թե մահը»:
Նախաձեռնությունը լուրջ թափ է հավաքել Facebook սոցիալական ցանցում եւ բազմաթիվ անձինք ցանկություն են հայտնել մասնակցել ակցիային:
Նշենք, որ վերջին շրջանում հանրապետությունում աճել է ինքնասապանությունների թիվը, հատկապես` երիտասարդների շրջանում, որոնք կյանքի հետ իրենց հաշիվներն են մաքրում հատկապես կամուրջներից նետվելու միջոցով: Այդ առթիվ իրենց մտահոգություններն են հայտնել մի շարք մասնագետներ, հոգեբաններ եւ այլք:




























