Երեւանում հունիսի 20-ից մեկնարկել է  «Աշխատանք  «1 աշակերտ - 1 համակարգիչ» ուսումնական մոդելով» 5-օրյա դասընթացը` դպրոցների ուսուցիչների համար: Այն կազմակերպվել է «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի ներքո 2010թ. դեկտեմբերի 8-ին ստորագրված համագործակցության հուշագրով իրականացվող «Դպրոցական համակարգիչ» (ClassmatePC) փորձնական ծրագրի շրջանակում:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ դասընթացը վարում է Ռուսաստանում Ինթելի կրթական ծրագրերի մենեջեր Մարինա Լիվինեցը: Դասընթացին մասնակցում են 25 ուսուցիչներ Երեւանից եւ Հայաստանի տարբեր մարզերից:

Դասընթացի նպատակն է մշակել դպրոցի ուսումնակրթական գործընթացում դպրոցական «ClassmatePC» համակարգչի ներդրման ընթացակարգը՝ հաշվի առնելով տարբեր խմբերի ներկայացուցիչների շահերը (աշակերտներ, ծնողներ, ուսուցիչներ, դպրոցի տնօրինություն):

Մինչ երեւանյան դասընթացի մեկնարկը, մասնակիցներից 4-ը ներկա են գտնվել նաեւ Վրաստանի Քութայիսի քաղաքում կազմակերպված «1 աշակերտ - 1 համակարգիչ» ուսումնական մոդելի ճանաչողական-գործնական դասընթացին:

Դասընթացներին մասնակցած ուսուցիչները հետագայում պետք է ներգրավվեն Հայաստանում «Դպրոցական համակարգիչ» (ClassmatePC) ծրագրի լայնամասշտաբ ներդրման գործընթացում` որպես «Ուսուցիչների ուսուցիչներ»:

Դասընթացը կազմակերպել են Ինթել կորպորացիան` «Յունիքոմփ» ՓԲԸ եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հետ համատեղ, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ: