ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քննարկում է Լոս Անջելեսի (Կալիֆորնիա նահանգ) քաղաքապետ Էրիկ Գարսետիին Հնդկաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ վկայակոչելով մի քանի աղբյուր:
Գարսետիից բացի, այս պաշտոնի համար քննարկվում է եւս մի քանի թեկնածու: Սպասվում է, որ Բայդենն իր որոշման մասին կհայտարարի մայիսին:

Լոս Անջելեսի քաղաքապետի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Գարսետին Բայդենի մերձավոր համախոհներից է, նա ծառայում էր նրա նախընտրական շտաբում, ինչպես նաեւ այն հինգ դեմոկրատներից մեկն էր, ով միացավ հունվարի 20-ին Բայդենի երդմնակալության արարողությունը կազմակերպած հանձնաժողովին: