«Յապոնչիկ» մականունով հայտնի քրեական հեղինակություն Վյաչեսլավ Իվանկովի թաղման ժամանակ Վագանկովսկի գերեզմանատան մուտքը կսահմանափակվի, հայտնել է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը։ Մինչդեռ նախօրեին նույն գործակալությունը հայտնել էր, որ սգո արարողության ժամանակ ոչ մի սահմանափակում չի լինի։
Այսօր, սկսած ժամը 12-ին եւ մինչեւ Իվանկովի հուղարկավորության ավարտը Վագանկովսկի գերեզմանատան տարածք կարող են մուտք գործել միայն գերեզմանատանը թաղված մարդկանց մտերիմներն ու հարազատները։ Գերեզմանատան տարածքն արդեն հետազոտել են շներով կինոլոգները,- նշել է գործակալության զրուցակիցը։ Իվանկովը կհուղարկավորվի իր մոր կողքին։
Ռուսական քրեական աշխարհի լեգենդ համարվող Վյաչեսլավ Իվանկովի թաղումն իսկապես, խոստանում է հիշարժան իրադարձություն դառնալ մոսկվացիների համար։ ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության վարչության օպերատիվայինները հայտնել են, որ արարողության ժամանակ սպասում են տեսնել ազատության մեջ գտնվող Ռուսաստանի քրեական խոշոր բոլոր կառույցների ներկայացուցիչներին եւ օրենքով գողերին։ Այդ պատճառով գերեզմանատանը թաղման արարողության ժամանակ կձեռնարկվեն անվտանգության լուրջ միջոցառումներ։
Գերեզմանատան տարածքը կշրջապատվի ոչ միայն միլիցիայի, այլեւ ներքին զորքերի ուժերով,- հաղորդում է ՌԻՍ «Նովոստին»։ Միլիցիայի աշխատակիցները կստուգեն մոտակայքում կայանված ողջ տրանսպորտը։
Վյաչեսլավ Իվանկովը վախճանվել է 2009 թվականի հոկտեմբերի 7-ին մոսկովյան մասնավոր կլինիկաներից մեկում։ Յապոնչիկի մահված պատճառ է հանդիսացել որովայնին հասցված հրազենային վերքը եւ դրանից հետո զարգացած պերիտոնիտը։ Իվանկովի սպանությունը հետաքննությունը կապում է Մոսկվայի քրեական շրջանակների միջեւ ծագած հակամարտության հետ։ Վարկածներից մեկի համաձայն, մշտապես արտասահմանում բնակվող Յապոնչիկը Ռուսաստան էր եկել մահափորձից մի քանի օր առաջ, որպեսզի հարթի Տարիել Օնիանիի ու Ասլան Ուսոյանի խմբավորումների միջեւ ծագած հակամարտությունը, որտեղ նա սատարում էր Ուսոյանին։ Սակայն կա եւ այլ վարկած, որի համաձայն, քրեական հայտնի հեղինակության սպանությունը ձեռնտու էր շինարարական բիզնեսի որոշ ներկայացուցիչների։ Մինչդեռ, ըստ որոշ տվյալների, Յապոնչիկի վրա մահափորձի անմիջական կատարողը գտնվել է քրեական աշխարհի ներկայացուցիչների կողմից ու ոչնչացվել։




























