Անհայտ կորածների ընտանիքների օգնության հարցում Հայաստանում արվում է գուցե ոչ ամբողջը, բայց ակտիվություն կա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցությունից ԱԺ պատգամավոր, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ոչ կառավարական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
Պատգամավորն առաջին հերթին նշեց բոլոր շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հանձնաժողովի ակտիվ աշխատանքը, նաեւ այդ հարցով զբաղված մի շարք հասարակական կազմակերպությունների գործունեությունը:
«Դրանցից մեկին (Անհայտ կորածների հարազատների խորհուրդ – NEWS.am) Պաշտպանության նախարարությունն օգնում է անմիջականորեն: Մեր կազմակերպությունն առանց որեւէ ֆինանսական օգնության արդեն 12 տարի իրականացնում է անհայտ կորածների ընտանիքների անդամների հոգեբանական, սոցիալական, իրավաբանական աջակցության եւ վերականգնման բավական լուրջ ծրագրեր: Թեեւ, իրականում, ընտանիքների անդամները երբեք չեն համակերպվում հարազատ մարդու անհայտ կորելուն»,- հայտարարեց Լարիսա Ալավերդյանը: Պատգամավորը նաեւ նշեց, որ ԱԳՆ-ին կից գոյություն ունի հանձնաժողով, որը նախապատրաստում է անհայտ կորածների մասին օրենքի նախագիծ. «Դա անկասկած առաջընթաց կլինի` հաշվի առնելով, որ դա ծանրագույն հիմնախնդիր է օրենսդրական ձեւակերպման համար»:
Լարիսա Ալավերդյանը նաեւ հիշեցրեց, որ արդեն երկար տարիներ Հայաստանում եւ Արցախում նշվում է անհայտ կորածների օրը: «Այս տարի էլ հունիսի 29-ին նախատեսված են պետական մակարդակի միջոցառումներ Երեւանում, Վանաձորում եւ Կապանում: Դա միայն ծաղկեպսակ դնել չի. նաեւ այցելում են անհայտ կորածների ընտանիքներ, իմանում խնդիրների մասին, փորձում օգնություն ցուցաբերել», - նշեց Ալավերդյանը:
«Օրենսդրական հարթությունում հիմնախնդիրը լուծված չէ: Գործնական հարթությունում, այն ամենն ինչ արվում է, գուցե, լուծում է ընտանիքների խնդիրների 20-25 տոկոսը: Այնպես որ, ամեն ինչ դեռ առջեւում է: Անհրաժեշտ է համակարգված, զգալի օգնութուն: Հայաստանն այդ գործի նախաձեռնողներից է: Մեր կազմակերպությունը դեռեւս այն ժամանակ, երբ այս հարցով որեւէ պետական մարմին չկար, իր վրա վերցրեց անհայտ կորածների քարտարանի ստեղծումը, սոցիալական կարիքների արձանագրումը: Պաշտպանության բոլոր նախարարների եւ նախագահների օրոք խրախուսվել է հասարակական գործունեությունն այս ուղղությամբ, սակայն պետական մակարդակով դեռ շատ աշխատանք կա», - ամփոփեց Ալավերդյանը:
ՀՀ Հանձնախմբի տվյալներով, ղարաբաղյան հակամարտության հետեւանքով անհայտ կորածների թիվը Հայաստանում կազմում է ավելի քան 200 մարդ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ցուցակներում ղարաբաղյան հակամարտությունում անհայտ կորածների թիվը Հայաստանից 407 է:




























