ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ առայժմ չի վստահում Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի խոսքերին եւ հակված է Անվտանգության խորհրդի կողմից այդ երկրի նկատմամբ միջոցառումների հնարավոր ձեռնարկմանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Եթե ՄԱԿ ԱԽ-ն միասնաբար որոշում ընդունի Սիրիայի նկատմամբ գործողությունների վերաբերյալ, դա օգտակար կլինի», - լրագրողներին ասել է Պան Գի Մունը` նշելով, որ այդ հարցով խորհրդակցություններ են անցկացվում:
«Միաժամանակ` ես փորձում եմ օգնել սիրիական կառավարությանը եւ նախագահ Ասադին` խնդիրը ներդաշնակ լուծելու հարցում` արտացոլելով ժողովրդի կամքը: Գոյություն ունի միջազգային հանրության լուրջ մտահոգությունը, եւ դա պետք է հարգել, պետք է հարգել սեփական ժողովրդի կամքը», -ասել է գլխավոր քարտուղարը:
«Ես չեմ վստահում նրա խոսքերին, քանի որ իրավիճակը պահպանվում է: Քանի դեռ այն պահպանվում է, Ասադը պետք է կոնկրետ միջոցառումներ ձեռնարկի: Երկու օր առաջ նա համաներում է հայտարարել, ես դա դրական քայլ եմ համարում, բայց բոլոր միջոցառումները պետք է հանգեցնեն լայնածավալ երկխոսության», - ընդգծել է Պան Գի Մունը:




























