Թերթը գրում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի Վրաստան կատարած այցի հետ կապված մանրամասների բացահայտումը հերթական անգամ ի ցույց դրեց մեր հարեւան երկրի հոգեւոր ղեկավարության իրական դեմքը։

«…Այսօր, երբ 21-րդ դար թեւակոխած աշխարհն ապրում է բոլորովին այլ կանոններով, Վրաց եկեղեցին շարունակում է մնալ միջնադարյան մտակաղապարների գերին, իսկ այնտեղ, ուր էլ նայես՝ հայերն առաջ են վրացիներից։ Հայերն են կառուցել Վրաստանում (Իբերիայում) առաջին եկեղեցին, հայերն են նրան գիր տվել, հայերն են քաղաքակրթել իրենց հյուսիսային փոքրիկ հարեւանին, որը նրանց թեւի տակ ամրապնդվելով՝ 10-12-րդ դարերում լուրջ ուժ է դարձել։

Բայց արի ու տես, որ այդ շրջանում էլ վրաց հոգեւորականների մեջ պահպանվել է հայերի հանդեպ անլիարժեքության բարդույթը։

Ուրիշները միգուցե շնորհակալություն հայտնեին, որ իրենց երկրում այդքան լավ գործեր են արել հայերը, բայց վրաց եկեղեցու պարագայում այդպես չէ, քանի որ վրացիների նոր սերունդը իրավունք ունի հարց տալու իր հոգեւոր պետերին՝ իսկ ո՞ւր են մեր առաքելականության վկայությունները, ո՞ւր են մեր եկեղեցու սպասավորների ստեղծած վրաց նախնական գրերը, կամ ինչո՞ւ եք քերել հայ վարպետի կողմից վրաց առաջին եկեղեցու կառուցման մասին վկայող արձանագրությունը եւ այլն, եւ այլն։

Ուրեմն մնում է կամ ընդունել Սբ Էջմիածնի խաղացած դերը Վրաստանի դարձի ու քաղաքակրթման գործում եւ խոստովանել սեփական անլիարժեքությունը, կամ էլ պատերազմ հայտարարել նրան՝ չխորշելով պատմական հուշարձանների հանդեպ կիրառվող բացահայտ բարբարոսություններից, իսկ վերջերս` նաեւ վիրավորանքներից։

Այս ամենը ցույց է տալիս, որ միջնադարից սկսած՝ հակահայկականությունը շարունակում է մնալ Վրաց եկեղեցու ինքնության կարեւոր բաղկացուցիչը»,- գրում է «Հայոց աշխարհը»։