Ռուսաստանը, որ Հայաստանին համարում է իր ռազմավարական դաշնակիցը տարածաշրջանում, պատրաստ է օգնել նրան՝ հաղթահարելու տնտեսական ճգնաժամը՝ իջեցնելով ռուսական գազի մատակարարման գինը: Փոխարենը Մոսկվան հույս ունի ստանալ Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման իրավունքը: Հարցի գինը տատանվում է 2 միլիարդ եվրոյից 5 միլիարդ դոլարի սահմաններում: Այդ մասին, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնում է «Կոմերսանտ» թերթը:

Թերթը նշում է, որ նախօրեին Մոսկվայում Հայաստանի եւ ՌԴ նախագահները հանգամանալից քննարկել են երկու երկրների առեւտրատնտեսական համագործակցությունը եւ, գլխավորը՝ խոշոր էներգետիկ նախագծերի իրացման հեռանկարները: «Հայաստանը, որ լուրջ ֆինանսական խնդիրներ ունի, ավելի վաղ արդեն Մոսկվայից վարկ է ստացել՝ 500 մլն դոլարի չափով: Սակայն Ռուսաստանը որոշել է չսահմանափակվել: „Գազպրոմին“ մոտ աղբյուրների փոխանցմամբ, ընկերությունն այժմ Երեւանի հետ բանակցություններ է վարում ռուսական գազի մատակարարման գնի իջեցման շուրջ: 2010թ. գազի գինը Հայաստանի համար կարող է իջնել 200 դոլարից մինչեւ 180 դոլար մեկ խմ-ի համար: Ի դեպ, նման զեղչը կապված է ոչ միայն ռուսական կողմի բարի ցանկությունների հետ, այլ նաեւ նրա հետ, որ հաջորդ տարի Եվրոպայի համար նախատեսվող գազի գինը ավելի ցածր է լինելու ընթացիկ տարվա առաջին կիսամյակի համեմատությամբ: Դա էլ թույլ է տալիս „Գազպրոմին“՝ վերանայել գազի գինը ՌԴ-ի հետխորհրդային տարածքում ամենամոտ գործընկերների համար , որոնց շարքն, ի դեպ, Կրեմլը դասում է նաեւ Հայաստանին»,- գրում է «Կոմերսանտը»:

Հանդիպմանը մեկ այլ կարեւոր եմա դարձավ Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցումը, որը փոխարինելու է Մեծամոր քաղաքի մոտ գտնվող նախկին ատոմակայանին: Գլխավոր կապալառուի ընտրության տենդերը պետք է կայանա մինչեւ տարեվերջ: Եւ Ռուսաստանը հուսով է, որ ԱԷԿ-ը վերջնարդյունքում կառուցելու է ռուսական «Ատոմստրոյէքսպորտ» ՓԲԸ-ն: «ԱԷԿ-ի կառուցման սկզբունքային պայմանավորվածությունները ձեռք են բերվել եւ այժմ պետք է ողղակի անցնել բյուրոկատական ուղին»,- հայտնել է «Ռոսատոմի» ղեկավարներից մեկը եւ հավելել. «Հայաստանում պրոգրեսիվ օրենսդրություն է, որ թույլ է տալիս օտարերկրացիներին ներդրումներ կատարել ատոմային էներգետիկայի ոլորտում: Ներկայումս կայանը գտնվում է „Ինտեր ՌԱՕ ԵԷՍ“ ընկերության կառավարման տակ, իսկ վերահսկիչ փաթեթը՝ „Ռոսատոմի“ մոտ է»:

Թերթի զրուցակցի խոսքերով, նոր էներգաբլոկի կառուցումը, պայմանով, որ նրա հզորությունը կազմի հազար ՄՎՏ, կարժենա 2 միլիարդ եվրո: «Դա ստանդարտ գին է: Մենք այդ գնով ԱԷԿ ենք կառուցում Բուլղարիայում եւ այլ երկրներում»,- ամփոփել է «Ռոսատոմի» աշխատակիցը:

Միեւնույն ժամանակ, ինչպես հայտարարել է ընկերության փոխնախագահ Ալեքսանդր Գլուխովը, միայն տենդերը նախատեսվում է անցկացնել այս տարի, եւ առայժմ նրա կառուցվածքի, այդ թվում՝ ֆինանսական՝ ոչինչ հայտնի չէ: «հայկական կողմը ավելի վաղ հայտարարել էր, թե շինարարությունը կարժենա 5 միլիարդ դոլար: Բայց կրկնում եմ՝ տենդերի կառուցվածքը դեռ հայտնի չէ»,- մանրամասնել է նա: