Ադրբեջանից փախստականների համագումարը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ պահանջում են միջոցներ ձեռնարկել հայ փախստականների վերադարձն իրականացնելու համար:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի Միջպետական մակարդակով քննարկման ընթացքի կապակցությամբ Համագումարը լիազորված է հայտարարել.
1. Հայրենի օջախներ փախստականների եւ տեղահանված անձանց միայն մի մասի վերադարձի եւ մյուսների հայրենադարձության մերժման միջազգային միջնորդների առաջարկները խտրական են եւ հիմնավորապես անընդունելի:
2. Հայրենադարձության առաջարկներում մերժված փախստականների նկատմամբ սույն խտրականությունը կրկնակի է. նրանք արդեն իսկ Ադրբեջանական ԽՍՀ-ի եւ Ադրբեջանի հանրապետության իշխանությունների խտրականության, ոստիկանական եւ ռազմական հետապնդումների զոհեր են եւ հավասար իրավունքներ ունեն նրանց հետ, ում հայրենադարձության իրավունքը պաշտոնապես քննարկվում է:
3. Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը քննարկող երկրների ներկայացուցիչների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասության տակ գտնվող տարածքների բոլոր տեսակի ենթակառույցների բարելավման արգելքի քաղաքականությունը հանգեցրել է տարածաշրջանի առանց այն էլ ծանր հումանիտար իրավիճակի վատթարացմանը: Այդ քաղաքականության հետեւանքով մի կողմից քաղաքական շահարկումների ենթարկվեցին 1992-94թթ. զինված կոնֆլիկտի պատճառով տուժաժների ճակատագրերը, մյուս կողմից արհամարվեցին 1988-1992 թթ. խտրականության ընթացքի զոհերի արդեն իսկ ոտնահարված իրավունքները:
4. Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած Հիմնական Սկզբունքները եսասիրական են եւ կոչված են նախ եւ առաջ սեփական էներգետիկ շահերը բավարարելու: Դրանցում արհամարված են ղարաբաղյան հարցի իրավական որոշակիության բացակայության պատճառով տառապող ժողովուրդների շահերը: Տարածաշրջանի բոլոր ժողովուրդների արժանապատիվ ու խաղաղ կյանքի անկապտելի իրավունքի հաշվին Բաքվի ու Երեւանի իշխող ռեժիմների շահերի բավարարման լուծումների փնտրտուքը սխալ ճանապարհ է եւ դատապարտված է անհաջողության: Բանակցող կողմերի եւ միջնորդների այս սխալի գինը հազարավոր նոր մարդկային զոհերն ու ջարդված ճակատագրերը կլինի:
Վերոնշյալ գնահատականներից եւ հարյուրհազարավոր մարդկանց անիրավ գոյավիճակի ու ժողովուրդների նորանոր տառապանքների պատճառ դարձող այս անընդունելի հեռանկարի հավանականությունից ելնելով, Համագումարը որոշեց.
• Միջոցներ ձեռնարկել հայ փախստականների հայրենադարձության իրավունքը իրացնելու,
• Ստեփանակերտի իշխանություններից պահանջել նպաստել փախստականների բնակեցմանը իր վերահսկողության տարածքներում եւ ապահովել վերաբնակների անվտանգ կեցությունը մինչեւ Բաքվի կողմից վերահսկվող նրանց հայրենիքում ապագա պետական կազմավորման շրջանակներում փախստականների եւ տեղահանվածների բնակեցման ու քաղաքացիության խնդրի համընդհանուր լուծումը,
• Պահանջել ՄԱԿ-ի եւ շահագրգիռ այլ միջազգային կազմակերպությունների համապատասխան կառույցներից լուրջ եւ համակողմանի հետաքննություն իրականացնել հայ փախստականների նկատմամբ իրականացված հանցագործությունների փաստերի եւ հանգամանքների շուրջ,
• Դիմել ՄԱԿ-ի փախստականության գծով գերագույն գլխավոր հանձակատարին` փախստականների եւ տեղահանված անձանց բնակեցման եւ նրանց կենսապահովման ուղղությամբ աշխատանքներին նպաստելու խնդրանքով»:
Նշենք, որ հայտարարությունը փոխանցվել է ԼՂՀ ներկայացուցչություն, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Իրանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի դեսպանատներ (վերջին 2-ը Վրաստանում) եւ ՄԱԿ-ի առաքելություն:



























