Իսպանիայում նոր կորոնավիրուսի նկատմամբ կոլեկտիվ իմունիտետը հնարավոր կլինի գրանցել 100 օր անց: Այդ մասին երկուշաբթի հայտարարել է թագավորության կառավարության ղեկավար Պեդրո Սանչեսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մեզ ընդամենը 100 օր է պակասում կոլեկտիվ իմունիտետին հասնելու համար, այլ կերպ ասած՝ Իսպանիայում պատվաստված բնակչության 70-տոկոսանոց ցուցանիշ գրանցելու համար»,-նշել է վարչապետը: «Մենք գտնվում ենք համավարակի նոր փուլում,-ասել է Սանչեսը:-Պատվաստման շնորհիվ մենք կարող ենք սկսել այդ աղետի հաղթահարումը, որը համարվում է մարդկության համար վերջին 100 տարվա ընթացքում ամենավատը:

Կառավարության ղեկավարը նաեւ նշել է, որ ներկայում արդեն 47-միլիոնանոց երկրի չափահաս բնակչության մեկ երրորդ մասը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժին:

Իսպանիայում կորոնավիրուսի տարածման ամբողջ ընթացքում գրանցվել է վարակման ավելի քան 3,5 միլիոն դեպք, շուրջ 78,8 հազար պացիենտ մահացել է: Նախորդ տարվա հոկտեմբերի վերջում կառավարությունը երկրում սահմանել էր բարձր պատրաստվածության ռեժիմ, որի ժամկետն ավարտվել է ընթացիկ տարվա մայիսի 9-ին: 2020 թվականի դեկտեմբերի 27-ին երկրում մեկնարկել է պատվաստումների գործընթացը: