Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն հրաժարվել է ստորագրել Ուկրաինայի գերագույն ռադայի ընդունած 2009 թվականի պետբյուջեի փոփոխությունները։ Համապատասխան տեղեկությունը հրապարակել է պետության ղեկավարի մամլո ծառայությունը,- հայտնում է REGNUM գործակալությունը։
«Ես չեմ կարող ստորագրել այդ օրենքը եւ առաջարկում եմ խորհրդարանին, Սահմանադրության համաձայն, վերանայել դրանք նախագահի առաջարկությունների հետ միասին»,- հայտարարել է Յուշչենկոն։- «Այդ օրենքի հրապարակման դեպքում ես այն կբողոքարկեմ Սահմանադրական դատարանում»։
Հիշեցնենք, որ այդ օրենքով կանոնակարգվում է Եվրո-2012-ի անցկացմանը նախապատրաստվելու ֆինանսավորումը , մասնավորապես, ահդ նպատակով 10 մլրդ. գրիվնայի հատկացումը։ Ավելի վաղ Վիկտոր Յուշչենկոն հայտարարել է, որ խորհրդարանն այդ խնդիրը լուծում է Ուկրաինայի Ազգային բանկի էմիսիայի հաշվին. «դա հանցագործություն է գրիվնայի կայունության դեմ»։ Իր հերթին, Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն պնդում է, որ էմիսիայի մասին խոսք չկա։ «Այն, ինչ ասվում է էմիսիայի մասին, բացարձակ սուտ է։ Օրենքով նախատեսված 9,8 մլրդ. գրիվնա գումարի միջոցները կան Ազգային բանկում, դրանք ստացվել են վերաֆինանսավորման շնորհիվ»,- նշել է նա։




























