Գերմանական «Frankfurte Algemaine Zeutung» թերթը հոդված է հրապարակել հայ-թուրքական զարգացումների մասին, որտեղ մասնավորապես ասված է. «Մեկ տարի առաջ, երբ Հարավային Կովկասը ցնցվեց Վրաստանի և Ռուսաստանի միջև պատերազմից, տարածաշրջանում սկիզբ առավ այլ զարգացում, որն իր գագաթնակետին հասավ այս շաբաթվա վերջին, Ցյուրիխում: Շվեյցարիայի միջնորդությամբ ամիսներ շարունակ ընթացող գաղտնի բանակցություններից հետո Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները շաբաթ օրը ստորագրեցին երկու արձանագրություններ, որոնցով նախատեսվում է երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների կարգավորում: 1991 թվականին Թուրքիան առաջին երկրներից մեկն էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը: 1993թ.-ին Թուրքիան Ադրբեջանի տարածքում հայաբնակ անկլավ ԼՂ-ի հետ կապված հայ-ադրբեջանական հակամարտության առիթով փակեց Հայաստանի հետ սահմանը:

Շաբաթ օրը, մինչև ստորագրման վերջին պահը, դեռևս հայտնի չէր, արդյոք սեպտեմբերի սկզբին հրապարակված արձանագրությունները կստորագրվեն: Ստորագրման արարողությանը Ցյուրիխ էր ժամանել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Լուրեր էին պտտվում, որ թուրքերը փորձում էին արձանագրություններում չհիշատակվող ԼՂ և Հայաստանի կողմից 7 գրավյալ տարածքների մասին խոսել: Թուրքիան այս հակամարտությունում պաշտպանում է Ադրբեջանին, այն դեպքում, երբ առևտրական շրջափակման մեջ հայտնված Հայաստանին սատարում է ՌԴ-ն:

Տարածաշրջանում թուրքական արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին նոր ուղղվածություն է ձեռք բերել՝ ձգտելով ստեղծել խաղաղ հարաբերություններ իր բոլոր հարևանների հետ: Թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման պատճառով լուրջ տարաձայնություններ են առաջացել Անկարայի և Բաքվի միջև: Թուրքիայի կողմից մինչ արձանագրությունների ստորագրումը նշվում էին նախապայմաններ` կապված ԼՂ հակամարտության կարգավորման խնդրի հետ: Ադրբեջանը այժմ սպառնում է վերանայել Թուրքիայում իր կողմից ներդրումների գործընթացը կամ իր նավթա-գազային արտաքին քաղաքականությունը` ի վնաս Անկարայի:

Երևանում Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի ժամանակ երկու երկրների Նախագահների հանդիպումից հետո, Թուրքիայի վարչապետ Էրդողանը ժամանեց Բաքու ` վստահեցնելու, որ հայ-թուրքական սահմանը կբացվի միայն Հայաստանի կողմից Ադրբեջանի գրավյալ տարածքների վերադարձման դեպքում:

Այն բանից հետո, երբ հինգշաբթի և ուրբաթ օրերին, ըստ ադրբեջանական կողմի տեսակետի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին չհաջողվեց ղարաբաղյան հակամարտության հարցում հասնել առաջընթացի, թուրքական կողմի համար շաբաթ օրը եկավ ճշմարտության պահը՝ Ադրբեջանի հետ իր հարաբերություններում: Համաձայն ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովի ակնարկների և հայկական կողմի տվյալների, Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն ցանկանում էր Ղարաբաղի խնդրի վերաբերյալ որոշակի արտահայտություններ անել իր հայտարարության մեջ: Հայաստանը դեմ էր դրան, ինչի պատճառով ստորագրումը կձախողվեր, եթե չլիներ ԱՄՆ պետքարտուղար Հ. Քլինթոնի միջնորդությունը: Երկու կողմերը համաձայնեցին հրաժարվել հայտարարություններից: Ըստ դիտորդների, Հայաստանը դիվանագիտական հաղթանակ տարավ:

Թուրքիայում Էրդողանի և Հայաստանում Սարգսյանի հակառակորդները վստահաբար կփորձեն հետաձգել արձանագրությունների վավերացման գործընթացը: Այն, որ իշխանության համար մղվող պայքարը կարող է ուշադրության արժանի քաղաքական շերտավորման հասցնել, վկայում է Անկախ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրինակը: Այսօր նա քննադատում է արձանագրությունները և այն կարծիքին է, որ ՀՀ նախագահը գործում է ի վնաս ազգային շահի: Իսկ արձանագրությունների վավերացումը և սահմանի բացումը կնշանակի, որ Երևանը ոչ տնտեսապես, ոչ քաղաքականապես այլևս կախված չի լինի Ռուսաստանից»: