Սարգիս Հացպանյանի նկատմամբ, ամենաբարձր մակարդակով հաշվեհարդար են իրականացնում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, իսկ մեկ այլ իրավապաշտպան` Հայաստանի հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանն էլ ընդգծել է, որ Հացպանյանի հետ կապված պատմությունն աննախադեպ է, քանի որ մինչեւ այսօր սուտ մատնության համար Հայաստանում ոչ ոք չի ձերբակալվել ու ենթարկվել 3,5 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ ֆրանսահայ Սարգիս Հացպանյանը ձերբակալվել էր սուտ մատնության մեղադրանքով, երբ «Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում նշել էր, որ Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ է նախապատրաստվում և ինքը տեղեկություններ ունի այդ մասին: Դատարանի որոշմամբ, Հացպանյանը ազատազրկվել է 3,5 տարի ժամկետով: Վճիռը բողոքարկվել էր վերաքննիչ դատարանում, իսկ այժմ նրա փաստաբանները պատրաստվում են գործը հանձնել վճռաբեկ դատարան:
Նշենք նաեւ, որ Հացպանյանի վրա համաներումը կարող է տարածվել միայն այն դեպքում, եթե նա որեւէ փաստաթուղթ ներկայացնի, որը կհիմնավորի արցախյան պատերազմին նրա մասնակցությունը, սակայն ոչ ՀՀ, ոչ ԼՂՀ Պաշտպանության նախարարությունները նման փաստաթուղթ չեն տրամադրում: Ըստ Ա. Իշխանյանի, պատերազմին նրա մասնակցության մասին բազմաթիվ վկայություններ կան եւ եթե բարի կամք լիներ, այդ տեղեկանքը կտրամադրեին:
Սարգիս Հացպանյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը, անդրադառնալով նրա նկատմամբ քրեական հետապնդման ու դատավարության ընթացքում տեղի ունեցած անօրինականություններին, նշել է, որ սուտ մատնություն չի կարող համարվել լրատվամիջոցում ասված խոսքը: Տեղեկությունը, ըստ Ռևազյանի, սուտ մատնություն կարող է համարվել, եթե այն հայտնում են իրավապահներին: Անգամ այդ դեպքում, ըստ նրա, բանը չի հասնում ձերբակալության, այլ սահմանափակվում է տվյալ անձի հարցաքննությամբ։



















