Հիվանդների թիվը Գյումրիի մանկական Ավստրիական հիվանդանոցում մեծ  է: Եթե նախորդ տարիներին մանկական հիվանդանոցում բուժվող երեխաների թիվը չէր գերազանցում 20-ը, ապա այժմ այն անցնում է 50-ից:

Այս փոփոխությունը հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանի խոսքով, նկատելի է տարեսզբից՝ համակարգում 0-7 տարեկան երեխաների անվճար բուժման նոր ծրագրի ներդրմանը զուգահեռ:

«Հիվանդանոց դիմում են անգամ հիվանդության աննշան ախտանիշների դեպքում: Բուժանձնակազմը ստիպված շատ դեպքերում տուն է ճանապարհում հիվանդներին, քանի որ  ոչ ֆիզիկապես, ոչ էլ ֆինանսապես հնարավոր չէ այդ ծանրաբեռնվածությամբ հիվանդանոցում բուժում կազմակերպել»,-ասել է Աշոտ Կուրղինյանը:

Նրա խոսքով,ամեն օր հերթեր են հատկապես քիթ-կոկորդ- ականջի  հիվանդասենյակների դռների մոտ: Հիվանդանոցը ստիպված հերթագրում է այն հիվանդներին, որոնց բուժումը հրատապ չէ: «Դիմում են հիմնականում անվճար վիրահատությունից օգտվելու համար»,-նշել է հիվանդանոցի տնօրենը:

Այս ամիս հերթագրված գյումրեցիների բուժումը հնարավոր է իրականացնել միայն օգոստոս ամսին, այլ կերպ հնարավորություններն ու պայմաններն ուղղակի թույլ չեն տա:

Շատ դեպքերում, ըստ Աշոտ Կուրղինյանի, հիվանդների մեծ թիվը շատերի մոտ թյուր կարծիք է առաջացնում, թե հնարավոր է, որ բռնկումներ կամ օդակաթիլային վիրուս է տարածված, այնինչ համաճարակ, որպես այդպիսին, այս տարի դեռեւս չի արձանագրվել Շիրակի մարզում: