Ոմանք տնտեսական քաղաքականության արդյունքը նույնացնում են օճառի պղպջակի հետ, որը հայտնվելուց հետո անմիջապես անհետանում է: Սա շատ հարմար մոտեցում է նրանց համար, ովքեր չեն ցանկանում տեսնել ներկա ու նախկին կառավարությունների վարած տնտեսական քաղաքականությունների միջեւ օրգանական կապը:
Այսինքն` եթե մենք 2007-ին ունեինք երկնիշ տնտեսական աճ, իսկ 2009-ին` երկնիշ տնտեսական անկում, դա դեռ չի նշանակում, որ 2007-ի կառավարությունը շատ լավն էր, իսկ 2009-ինը` շատ վատը: Ինչո՞ւ, որովհետեւ տնտեսական քաղաքականության ցանկացած որոշում կամ դրանց բացակայություն իրեն զգալ է տալիս տարիներ, գուցե տասնամյակներ շարունակ:
Օրինակ, երբ մենք 2007-ին տնտեսական երկնիշ աճ ունեինք, դրանում իր լուման ունեին նաեւ 90-ական թվականների տերպետրոսյանական կառավարությունները, որոնք ստեղծեցին այն ինստիտուցիոնալ հիմքը, որը նպաստեց 2000-ականների տնտեսական վերելքին: Միեւնույն ժամանակ, այդ վերելքի ընթացքում համարյա կասեցվեցին երկրորդ սերնդի բարեփոխումները, որն էլ նպաստեց 2009-ի չափազանց կտրուկ անկմանը:
Այդ պատճառով այնքան էլ ճիշտ չէ, երբ կառավարությունների նախկին ղեկավարները բուռն ու արմատական քննադատում են ներկա կառավարություններին: Երբ Հրանտ Բագրատյանը հրապարակավ հայտարարում է, որ այսօրվա կառավարությունն ինտելեկտից զուրկ է, մոռանում է, որ այսօրվա վարչապետը ժամանակին, որպես ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ, իր հիմնական ընդդիմախոսն էր: Ու այդ ընդդիմախոսության ժամանակ միշտ չէ, որ ճշմարտությունը Բագրատյանի կառավարության կողմն էր:
Շատ ավելի կոռեկտ է Կենտրոնական բանկի նախկին նախագահ, ներկայումս ՀԱԿ անդամ Բագրատ Ասատրյանի պահվածքը: Նա ոչ միայն չի փորձում սեւացնել ԿԲ ներկայիս քաղաքականությունը, այլեւ ամեն առիթով պաշտպանում է նրան: Դա պատահական չէ` ԿԲ ռազմավարության հիմքերը դրվել են հենց Բ. Ասատրյանի օրոք, ու երեւի Բ. Ասատրյանը հասկանում է, որ ներկայիս քաղաքականության քննադատությունը նաեւ իր քաղաքականության քննադատությունն է:
Անշուշտ, որեւէ կառավարություն զերծ չէ սխալներից ու քննադատվելու շատ առիթներ է տալիս: Թերություններից զերծ չեն նաեւ ընդդիմության տնտեսական ծրագրերը, թեկուզեւ վերցնենք Հ. Բագրատյանի հեղինակած 100 քայլը, որն իր ֆորմատով հիշեցնում է Ե. Գայդայի շուկային անցնելու 100-օրյա ծրագիրը: Բայց փորձը ցույց է տալիս, որ տնտեսական հրաշքներ ծնող ծրագրեր չկան, իսկ լավագույն լուծումները գտնվում են օպերատիվ աշխատանքի ընթացքում: Իսկ այն, որ ներկա կառավարությունը եռանդով ու գրագետ է աշխատում, կարծես թե կասկած չի հարուցում:
Օրինակ, կառավարությունը հիմա ստիպված է վերացնել այն արատները, որ տնտեսական համակարգի հիմքում դրվել են հենց Հ. Բագրատյանի ջանքերով: Օրինակ, հարկերի վճարման պարբերականության կրճատումը, հարկային հաշվետվությունների թվի կրճատումը, լիցենզավորման աննորմալ ընթացակարգերի պարզեցումը եւ այլն:
Մի՞թե Հ. Բագրատյանը չէր, որ փորձում էր գնաճի դեմ պայքարել աշխատավարձերը զսպելով, թեեւ շարունակում էր կենտրոնական բանկին ստիպել փող տպել` ընթացիկ ծախսերի համար: Ու եթե այսօր խոսում ենք աղքատության մեծ ծավալների մասին ու փորձում գտնել մեղավորներին, պետք է գոնե հիշենք, թե երբ ու ինչպես այդ աղքատությունը նման ծավալների հասավ: Թեեւ աշխատավարձերի ներկայիս մակարդակը բարձր չէ, բայց գոնե կառավարությունը չի փորձում դա զոհել տնտեսական իրավիճակին:
Նկատենք, որ նախկին վարչապետերից միայն Հ. Բագրատյանն է խախտում կոռեկտության սահմանները, մյուսները կամ լռում են, կամ շատ քիչ են խոսում, ինչպես Արմեն Դարբինյանը: Անշուշտ` կգա մի օր, երբ Տ. Սարգսյանը նույնպես հրաժարական կտա, եւ նրան կփոխարինի ենթադրենք Գալուստ Սահակյանը, կամ էլ հենց Հ. Բագրատյանը: Բայց մինչ այդ, հույս ունենք, մեզ մոտ կձեւավորվի բանավեճի նորմալ մշակույթ:
Սամվել Ավագյան




























