Թուրքական հեռուստաեթերը ամբողջությամբ լցված է հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ մեկնաբանություններով եւ քննարկումներով: Գրեթե բոլոր թուրքական հեռուստաալիքները կազմակերպում են հատուկ քննարկումներ` որոնց մասնակցում են մասնագետներ ու հեռուստադիտողներ: Կարծիքների մեջ գերակշռում են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության կողմնակիցների տեսակետները: Օրինակ, Haberturk-ի եթերում պնդում է հնչում, որ Ղարաբաղի խնդիրը առաջին հերթին Ալիեւի խնդիրն է եւ ոչ թե թուրք ժողովրդի:
Թուրքական գրեթե բոլոր հեռուստաընկերությունների լուրերը սկսվում են հետեւյալով` «ՀՀ նախագահը հայտարարել է, որ հոկտեմբերի 14-ին գալու է Բուրսա` դիտելու Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը», եւ «ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ մինչ տարեվերջ հնարավոր է բացվի հայ-թուրքական սահմանը»: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը թուրք հասարակությունը ցուցաբերում է սպասվածից ավել ակտիվություն` դրական առումով: Բավական է, նշել, որ հայկական հավաքականի հետ հարցազրույցի համար թուրքական ամենահայտնի լրատվական գործակալությունները հյուրանոցի առաջ ժամերով սպասել են: Այդ լրատվամիջոցներն էին` Anadolu, Dogan haber, Iha, Haberturk, Olay, Cihan եւ այլն:
Ինչպես Բուրսայից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, Բուրսայի քաղաքացիները հայկական պատվիրակության անդամներին տեսնելով հիմնականում արտահայտում են իրենց գոհունակությունը ստորագրված արձանագրությունների կապակցությամբ եւ պնդում, որ հոկտեմբերի 14-ի Թուրքիա-Հայաստան խաղում հաղթելու է բարեկամությունը: Շատ են այն բուրսացիները, ովքեր գտնում են, որ այս նախաձեռնությունները պետք է տարիներ առաջ արվեին:




























