«Առավոտի» տեղեկություններով, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբոր՝ Նաիրի Սահակյանի՝ Կառավարման ակադեմիայում սովորելու վարձը վճարվում է որոշ գյուղերի համայնքների բյուջեից։ Եվ բնավ պատճառն այն չէ, որ Նաիրին ընչազուրկ է, նա «Նարեկ» ռեստորանային համալիրի սեփականատերն է, ըստ մամուլի հրապարակումների՝ պատրաստվում է 2012թ. ԱԺ ընտրություններին մեծամասնական ընտրակարգով առաջադրվել թիվ 15 ընտրատարածքում։ Ի դեպ, այստեղ վերստին ընտրվելու ակնկալիքներ ունի իրենց հակառակորդ Խաչիկ Մանուկյանը։ Մարզպետի մյուս եղբայրը՝ Խորենը, ադամանդի բիզնեսով է զբաղված Յակուտիայում և հաստատ կարող է հարկ եղած դեպքում վճարել Նաիրի Սահակյանի ուսման վարձը։ Ըստ մեր աղբյուրի, մարզպետի եղբոր վարձը մեկ անգամ 300 000 դրամի չափով վճարել է Արագածավանի գյուղապետ Անդրանիկ Պապիկյանը, մեկ անգամ էլ, մոտ 400 000 դրամ վճարել է Արտենիի գյուղապետ Գեղամ Խլղաթյանը։

Երբ թերթը երկու գյուղապետերին զանգահարել է, պարզելու` արդյոք գյուղապետարանի միջոցներից երբեւէ հովանավորե՞լ են ուսանողների, վճարել նրանց ուսման վարձերը, երկուսն էլ դրական պատասխան են տվել: