Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ առեւտուրը շարունակում է աճել՝ չնայած Անկարայի կողմից Գազայում Թել Ավիվի գործողությունների քննադատությանը, հաղորդում է Patronlar Dünyasi-ն:
Ըստ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TÜIK), Թուրքիայի արտահանողների ասամբլեայի, Կենտրոնական բանկի (CBRT) պաշտոնական տվյալների՝ 2020 թվականին Թուրքիան 4.7 միլիարդ դոլարի ապրանք է արտահանել Իսրայել:
2021 թվականի առաջին չորս ամիսներին Թուրքիայի արտահանումն Իսրայել աճել է 35 տոկոսով եւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1.8 մլրդ դոլար կազմել, իսկ Իսրայելը դասվել է որպես Թուրքիայի ութերորդ արտահանման երկիր:
2011 թվականին Թուրքիայի արտահանումն Իսրայել 2.4 միլիարդ դոլար է կազմել, իսկ Իսրայելը 17-րդ տեղն է զբաղեցրել Թուրքիայի արտահանմամբ:
2002 թվականին, երբ Էրդողանի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) եկավ իշխանության, Թուրքիայի արտահանումն Իսրայել տարեկան տարեկան 850 միլիոն դոլար էր կազմում: 18 տարվա ընթացքում այդ ցուցանիշն աճել է 4.5 անգամ:
Թուրքիա ներմուծումն Իսրայելից 2020 թվականին 1.5 միլիարդ դոլար է կազմել: Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ արտաքին առեւտրի ծավալը նույն թվականին 6.2 միլիարդ դոլար է կազմել: Դիտարկվող ծավալը 18 տարվա ընթացքում աճել է 3.4 անգամ:
2020 թվականին Թուրքիան Իսրայելի ներմուծման ընդհանուր ծավալում չորրորդ տեղում էր՝ 6.2 տոկոսով, որին հաջորդում էին Չինաստանը, ԱՄՆ-ն եւ Գերմանիան:
Թուրքիայի՝ Իսրայել արտահանման առաջատար ոլորտը 2020 թվականին պողպատե արդյունաբերությունն էր՝ 919 միլիոն դոլար շրջանառությամբ: Երկրորդ տեղում ավտոմոբիլային ոլորտն է՝ 704 միլիոն դոլար: Իսրայելը նաեւ իր ցեմենտի զգալի մասը ներկրում է Թուրքիայից:
Ըստ Կենտրոնական բանկի (CBRT)՝ 2019-ի վերջին Թուրքիայում իսրայելցի ռեզիդենտների ուղղակի ներդրումները 770 միլիոն դոլար են կազմել:
Անցյալ շաբաթ Էրդողանն իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման կապակցությամբ աշխարհին կոչ էր արել «արագ» միջոցներ ձեռնարկել՝ Իսրայել «ահաբեկչական պետությանը» դիմակայելու համար:





























