Հայաստանում բոլոր բանկերի ընդհանուր կապիտալը 2021 թվականի առաջին եռամսյակի համար  913 մլրդ դրամ է կազմում, նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ աճը 5.9 տոկոս է կազմել: Այս մասին մայիսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ներկայացնելով 2021 թվականի առաջին եռամսյակում բանկային համակարգի հիմնական արդյունքները եւ գործունեության ցուցանիշները, ասաց Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը:

«Ընդհանուր բանկային ակտիվները մինչեւ 2021 թվականի մարտի 31-ն աճել են 0.2 տոկոսով, իսկ տարեկան կտրվածքով՝ 12.7 տոկոսով: Շինարարության ոլորտի վարկավորումն աճել է 2 տոկոսով: Հիպոթեկային վարկերի ինդեքսն աճել է 7 տոկոսով: Գյուղատնտեսության ոլորտում վարկերն աճել են 2 տոկոսով: Սպառողական վարկերի տեսակարար կշիռը նվազել է 1 տոկոսով, արդյունաբերության ոլորտում՝2 տոկոսով, առեւտրի՝ 0.2 տոկոսով, տրանսպորտի եւ կապի ոլորտում՝ 1 տոկոսով: Վարկերի 49 տոկոսը տրամադրվել է ընկերություններին, եւս 41 տոկոսը՝ ֆիզիկական անձանց: 2021-ի հունվարին բանկերի հաճախորդների թիվը 2020 թվականի դեկտեմբերի համեմատ ֆիզիկական անձանց համար նվազել է 0.7 տոկոսով, իրավաբանական անձանց համար՝ 0.2 տոկոսով:

Ընդ որում, ֆիզիկական անձանց հաշիվներն աճել են 0.2 տոկոսով, իսկ իրավաբանական անձանց հաշիվները՝ 0.6 տոկոսով: Հայաստանի բոլոր բանկերի հաճախորդներն 6 միլիոն 275 հազար հաշիվ ունեն: Այսինքն՝ հաճախորդների թվի կրճատմանը զուգահեռ հաշիվների թվի լուրջ աճ է գրանցվել: Հայաստանի բանկերի վարկային ներդրումների ծավալը 2021 թվականի մարտի 31-ի դրությամբ 4.14 տրլն. դրամ է կազմել: Տարեկան կտրվածքով վարկային ներդրումներն աճել են 6.9 տոկոսով, մինչդեռ առաջին եռամսյակի տվյալների համաձայն `դրանք նվազել են 1.5% -ով: Բանկերի պարտավորություններն առաջին եռամսյակի համար նվազել են 0.02 տոկոսով, իսկ տարեկան կտրվածքով աճել են 13.9 տոկոսով: Չաշխատող վարկերի տեսակարար կշիռն այս տարվա մարտի վերջի դրությամբ 7.1 տոկոս է կազմում: Անկանխիկ գործարքների քանակը տարվա կտրվածքով աճել է 73.5 տոկոսով, կանխիկ գործարքներինը՝ 12.3 տոկոսով»,- ասել է նա: