Արաբական Միացյալ Էմիրություններում հայտարարել են, որ հունիսի 1-ից կհանվեն ոչ տեղական սեփականության համար սահմանափակումները եւ թույլ կտրվի լիարժեք արտաքին վերահսկողություն իրականացնել ձեռնարկությունների նկատմամբ: Բարեփոխումը կհեշտացնի երկրում բիզնես վարելը եւ կխթանի ներդրումները, հայտարարել է էկոնոմիկայի նախարարությունը: «Առեւտրային ընկերությունների փոփոխված օրենքը ուղղված է երկրի մրցունակության բարձրացմանը եւ բիզնեսի վարումը հեշտացնելուն՝ որպես ԱՄԷ կառավարության ջանքերի մի մաս», - հայտնել է էկոնոմիկայի նախարար Աբդուլլա բեն Թուկ ալ-Մարին:
Որոշումը չեղարկում է հին օրենքը, որը սահմանափակում էր օտարերկրյա սեփականությունը 49 տոկոսով: Սահմանափակումից խուսափելու համար ԱՄԷ-ի կազմում գտնվող յոթ էմիրություններից մի քանիսը՝ ներառյալ Դուբայը, տարիների ընթացքում ստեղծել են ազատ առեւտրի գոտիներ, որտեղ օտարերկրացիները կարող են տիրապետել իրենց բիզնեսի մինչեւ 100 տոկոսին: ԱՄԷ-ի տնտեսությունն արաբական աշխարհում երկրորդն է Սաուդյան Արաբիայից հետո: Այն համարվում է ամենադիվերսիֆիկացվածը, հատկապես Դուբայի շնորհիվ, որն իր եկամուտների 95 տոկոսը ստանում է ոչ նավթային արդյունաբերությունից: Մայրաքաղաք Աբու Դաբին գտնվում է ԱՄԷ-ի հսկայական նավթային պաշարների մեծ մասի վրա: Համաշխարհային բանկի՝ բիզնես վարելու հեշտության ցուցանիշով երկիրը զբաղեցնում է 16-րդ տեղը:
Այս որոշումը տնտեսության 13 խոշոր ճյուղեր բացում է անսահմանափակ օտարերկրյա ներդրումների, այդ թվում՝ էներգիայի վերականգնվող աղբյուրների, գյուղատնտեսության, տրանսպորտի եւ էլեկտրոնային առեւտրի համար: 2019 թվականին ԱՄԷ-ն արաբական աշխարհում ուղղակի օտարերկրյա ներդրումների հիմնական վայրն էր, որը, ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի համաձայն, ներգրավում էր գրեթե 13,8 միլիարդ դոլար (UNCTAD):





























